‘Քաղաքապետարանի անհեթեթ մեկնաբանությունը տարակուսանք է առաջացնում’

1335

Ջրաշխարհին կից անտառների ծառերը հատվում են, քանի որ այնտեղ նախատեսվում է զբոսայգի կառուցել: Նման հայտարարություն է արել Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ մեկնաբանելով «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ ջրաշխարհին կից անտառներում բուլդոզերները մեկը մյուսի ետևից ջարդում են ծառերը:

Փաստորեն, ըստ Գևորգյանի, զբոսայգի կառուցելու համար պետք է ծառեր հատել: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում զբոսայգի կառուցելու համար ծառեր եթե չեն տնկում, ապա հաստատ չեն հատում: Բայց Երևանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի անմիջական ղեկավարության ներքո աշխատող ցանկացած ոք կորցնում է տրամաբանելու կարողությունը, և անհեթեթություններ արտաբերելու համար քաղաքապետարանի վարչության պետերի շրջանում հերթ է գոյացել: Այսօր տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հերթն էր:

Հ.Գ. Նյութը հրապարակելուց հետո news.am կայքում Արթուր Գևորգյանի խոսքերը փոխվել են: Ըստ աղբյուրի՝ նա ասել է, որ ջրաշխարհին կից անտառների ծառերը չեն հատվում, այնտեղ պարզապես զբոսայգի է կառուցվում։ Սակայն, «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության տարածած տեսանյութում հստակ երևում է, որ ծառեր են հատվում:

Տվյալ դեպքում Արթուր Գևորգյանը ավելի է վատթարացնում իր դրությունը. եթե մինչ այժմ նրա մեկնաբանությունը անհեթեթ էր, ապա այժմ՝ պարզապես իրականությանը չհամապատասպանող կամ, ավելի պարզ ասած՝ սուտ:


Նախորդ հոդվածը‘Բաքվում ձերբակալել են հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին’
Հաջորդ հոդվածը‘Անջեյ Կասպրշիկ. ԵԱՀԿ պատրաստ է աջակցել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կանխարգելմանը ‘