‘Քաղաքապետարանի պաշտոնյան քաղաքացուց $4000 կաշառք է ստացել — ՀՔԾ’

3930

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության առաջին կարգի մասնագետ Հարություն Խաչատրյանը 2016-ին խարդախության եղանակով Երևանի բնակիչ Լ. Մ.-ից հափշտակել է խոշոր չափերով` ավելի քան 4.000 ԱՄՆ դոլար գումար, տեղեկացնում է ՀՔԾ-ն՝ վկայակոչելով նախաքննության տվյալները:   

Խաչատրյանը, տեղեկանալով, որ հիշյալ քաղաքացին ցանկանում է սեփականաշնորհել փաստացի իրեն պատկանող կրպակը, նրան վստահեցրել է, թե, իբր, որպես քաղաքապետարանի աշխատակից կարող է իրականացնել ինքնակամ կառույցի օրինականացման գործընթացը, թեպետ իրականում նման լիազորություններով օժտված չի եղել: Այդ նպատակով Հ. Խաչատրյանը 2016թ. դեկտեմբերի 21-ին հանդիպել է Լ. Մ.-ին և կրպակի պետական գրանցման գործընթացի համար անհրաժեշտ վճարումներ կատարելու պատրվակով` նրանից վերցրել 4000 ԱՄՆ դոլար գումար, միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մնացած գումարն ավելի ուշ փոխանցելու շուրջ:

2017թ.-ին աշխատանքի անցելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում` Հ. Խաչատրյանը շարունակել է հանցավոր մտադրության իրագործումը. կրկին հանդիպել է Լ. Մ.-ին և առանց վերջինիս հայտնելու, որ ազատվել է համայնքային ծառայողի պաշտոնից, վստահեցրել է, որ կրպակի պետական գրանցման գործընթացն արդեն ընթացքի մեջ է, սակայն այն ավարտին հասցնելու և վերջնական վճարումները կատարելու համար անհրաժեշտ է ևս 130.000 ՀՀ դրամ: Հ. Խաչատրյանը քաղաքացուն հավաստիացրել է, որ կարճ ժամանակահատվածում կիրականացնի հիշյալ գործընթացը` խոստանալով հակառակ դեպքում ամբողջությամբ վերադարձնել գումարը, սակայն ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել և գումարը հետ չի վերադարձրել, այլ խարդախությամբ հափշտակել  է այն:

Հարություն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Հ. Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

 

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» տարածքում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտի» հրդեհը մեկուսացվել է, թունավոր արտանետումների վտանգ չկա — ԱԻՆ’