‘Քաղաքապետի խորհրդականի որդին ազատ է արձակվել, փոխարենը՝ ձերբակալվել են դեպքի մյուս մասնակիցները’

1260

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Քանաքեռ-Զեյթուն թաղամասում հունիսի 6-ի երեկոյան հնչած կրակոցների գործով ձերբակալված Սամվել Քոթանջյանին երաշխավորությամբ ազատ են արձակել: Նրա համար երաշխավորագիր են ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանն ու Գագիկ Մելիքյանը, ինչից հետո Ս. Քոթանջյանը մինչև նախաքննության փուլի ավարտը ազատ է արձակվել:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանցագործությանը մասնակցել են նաև 1988 թ. ծնված Հովհաննես Կ.-ն, 1987 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն, 1974 թ. ծնված Սեդրակ Փ.-ն և 1993 թ. ծնված Գոռ Հ.-ն: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` Հովհաննես Կ.-ն, Սեդրակ Փ.-ն և Ռաֆայել Մ.-ն ներկայացել են բաժին և տվել խոստովանական ցուցմունքներ:

Նշվում է նաեւ, որ Սեդրակ Փ.-ն ձերբակալվել է: Բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 16-ին բաժին է ներկայացել Գոռ Հ.-ն, ով ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով  նախատեսված արարք կատարելու կասկածանքով նույնպես ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Սամվել Քոթանջյանը Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին է, ով հունիսի 6-ին ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ եւ 1 գնդակ:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը պահանջում է Հայաստանին հանել ՆԱՏՕ-ի ԽՎ-ից’
Հաջորդ հոդվածը‘Վախթանգ Կիկաբիձե. Հոգևորը մղվել է մի վերջին տեղ’