‘Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բաց նամակը՝ ՇՄԱԳ օրենքի ընդունման վերաբերյալ’

1163

Հենրի Կերալիին` Համաշխարհային բանկի Հարավային 

Կովկասի տարածաշրջանային տնօրեն

Ժան-Միշել Հապպիին`Համաշխարհային բանկի 

Երևանի գրասենյակի տնօրեն

Ռաշմի Շանկարին`Համաշխարհային բանկի 

ավագ տնտեսագետ, ծրագրային ղեկավար

Ուլրիխ Բարչին`Համաշխարհային բանկի 

ավագ տնտեսագետ, վարկային ծրագրի համաղեկավար

Գոհար Գյուլումյանին`Համաշխարհային բանկի 

Երևանի գրասենյակի ավագ տնտեսագետ,

վարկային ծրագրի համաղեկավար

Ադրիանա Դամիանովային` Համաշխարհային բանկի

շրջակա միջավայրի հարցերով առաջատար մասնագետ

Պատճենը՝ Էլլա Բեհլյարովային, ՄԱԿ-ի ԵՏՀ Շրջակա միջավայրի

 առնչությամբ  տեղեկատվության մատչելիության,

որոշումների ընդունման գործընթացում

հասարակության մասնակցության և արդարադատության

մատչելիության մասին կոնվենցիայի քարտուղար

Թեա Աուլավուոյին` ՄԱԿ-ի ԵՏՀ Անդրսահմանային

համատեքստում շրջակա միջավայրի վրա

 ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի քարտուղար

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովը մեկ օրվա ընթացքում երեք ընթերցմամբ՝ 24-ժամյա ռեժիմով, ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ ՇՄԱԳ օրենք): Թեև մի խումբ հասարակական կառույցներ դիմել էին ՀՀ նախագահին` խնդրելով չստորագրել հակասություններով լի օրենքը և հետ վերադարձնել Ազգային ժողով, սակայն ս.թ. հուլիսի 23-ին ՀՀ նախագահի կողմից այն ստորագրվել է:

ՇՄԱԳ օրենքն առանցքային նշանակություն ունի մարդու կենսագործունեության կանոնակարգման ոլորտում, քանի որ ամրագրում է տնտեսական գործունեության, այդ թվում՝ ընդերքի շահագործման, քաղաքաշինության, էներգետիկայի, արդյունաբերության և այլ գործունեությունների զարգացման կայունության հիմքերը, շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա դրանց ազդեցության կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը և բացառումը, հանրության մասնակցության և պետական մարմինների պատասխանատվության հարցերը: Այս օրենքի հնարավորինս շուտ ընդունումը խիստ կարևոր էր՝ հաշվի առնելով մասնավորապես ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Շրջակա միջավայրի առնչությամբ  տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա) և ՄԱԿ-ի ԵՏՀ Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի (Էսպոյի կոնվենցիա) ղեկավար մարմինների կողմից ընդունված որոշումները և առաջարկությունները ՀՀ գործող օրենսդրությունը բարելավելու վերաբերյալ: ՇՄԱԳ օրենքի ընդունումը հանդիսանում է նաև Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի բյուջետային աջակցության վարկային ծրագրի նախապայման:

2012 թվականի փետրվարին ձեռնարկվել էր անհաջող փորձ փոփոխելու 1995թ. ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, սակայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրինագիծը ՀՀ նախագահի կողմից հետ էր վերադարձվել: Դրան հաջորդել էր ՇՄԱԳ նոր օրենքի նախագծի մշակման գործընթաց: Ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի գլխավորությամբ, որում ներգրավվել էին նաև շահագրգիռ հասարակական կառույցների ներկայացուցիչներ՝ ձեռք բերելով պայմանավորվածություն, որ նախագիծը կմշակվի առաջարկների փոխադարձ համաձանեցմամբ:

Աշխատանքային խմբի կողմից մշակվեց մի օրինագիծ, որով նախատեսվել էին լուրջ բարելավումներ, ինչպես օրինակ՝ ՇՄԱԳ-ի ընթացակարգերի հստակեցում, գնահատման գործընթացում էկոհամակարգային մոտեցում, պատճառված վնասի տնտեսական գնահատում և փոխհատուցման պայման, գործունեության տեսակների դասակարգում և այլն: Օրինագծի դրույթների գերակշիռ մասի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, դրական կարծիք էին տվել նաև Համաշխարհային բանկի փորձագետները: Չնայած որ ՇՄԱԳ օրինագծում դեռևս առկա էին լուրջ թերություններ, մասնավորապես, հասարակության մասնակցության մեխանիզմների առումով, սակայն 2013թ. օգոստոսի 5-ին այն հապշտապ կերպով ՀՀ կառավարության կողմից ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով՝ խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում ներառելու նպատակով: Այդուհանդերձ, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրվեցին խոստումներ, որ օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո իրենց միջնորդությամբ կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ և հնարավորություն կընձեռեն բարելավելու հանրության մասնակցությանն ու ՇՄԱԳ ընթացակարգին վերաբերող դրույթները: 2013թ. սեպտեմբերի 27-ին ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից օրինագիծը ստացավ դրական եզրակացություն և ընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում: Սակայն, խոստացված խորհրդարանական լսումներն անցած 9 ամիսների ընթացքում այդպես էլ չկազմակերպվեցին, իսկ օրինագծի ընդունման գործընթացը փաստացի դադարեցված  էր մինչև ս.թ. հունիսի 21-ը: Այսպիսով, ՀՀ Ազգային ժողովի կողմից ՇՄԱԳ օրինագծի հապճեպ ընդունման գործընթացում անտեսվեցին աշխատանքային խմբի մասնագիտական առաջարկություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ի լրումն շտապողականության և հասարակական կարծիքի նկատմամբ քամահրանքի դրևորման, օրինագծի ընդունման ֆորմալ գործընթացն ընթացել է կեղծիքներով, ինչի ապացույցն է ՀՀ Ազգային ժողովի կայքում տեղադրված օրենքի նախագծի պատմությունը: Այսպես, իրականում ս.թ. հունիսի 21-ի ԱԺ արտահերթ նիստում քննարկման է դրվել մի նախագիծ, որն էապես տարբերվում է ՀՀ կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված և ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից քննարկված ու դրական եզրակացություն ստացած օրինագծից: Փաստաթղթի նոր տարբերակը նախապես չի հրապարակայնացվել և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածով սահմանված կարգով չի դրվել հանրային քննարկման:

ԱԺ ներկայացված ՇՄԱԳ օրենքի նախագծում գաղտնի կերպով կատարված փոփոխությունները փաստացի արժեզրկում են մինչ այդ օրինագծում ներառված բոլոր դրական զարգացումները: Մասնավորապես, ամբողջությամբ այլակերպվել է օրինագծի 14-րդ հոդվածը. ընտրվել են այնպիսի մեծության սահմանային չափեր, ինչպիսիք Հայաստանում առհասարակ իրատեսական չեն, իսկ առավել հաճախ իրականացվող գործունեության տեսակների համար ազդեցության գնահատում անցկացնելու պայմանը կամ թեթևացվել է կամ հանվել: Այսպես, մեծացնելով սահմանաչափերը կամ տեղափոխելով մի կատեգորիայից մյուսը, թեթևացվել են մի շարք գործունեության տեսակների (օրինակ՝ նավթի, գազի և քիմիական նյութերի խողովակաշարերի կառուցում, ընդերքի երկրաբանական ուսումնասիրություններ, ոչ մետաղական հանքավայրերի օգտագործում, հիդրոէլեկտրաէներգիայի արտադրություն, թափոնների մաքրման կայաններ և այլն) ազդեցության գնահատման գործընթացները: Շրջակա միջավայրի ազդեցության ենթակա ցուցակից հանվել են գործունեության որոշ տեսակներ (օրինակ՝ մինչև 1 մվտ հզորության հիդրոէլեկտրակայանները, սննդի արդյունաբերության համարյա բոլոր տեսակները, մինչև 10հա տարածքների հակասողանքային և հակասելավային միջոցառումները, դեղագործական արտադրությունը, ձկնաբուծությունը, անասնաբուծությունը, ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը և այլն): Վերացվել է հողի կատեգորիաների փոփոխման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացնելու պահանջը՝ այն դեպքում, երբ գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստացի որոշումներն ընդունվում են հենց այդ փուլում: Հանվել է համայնքի կամ շահագրգիռ հանրության պահանջով փորձաքննություն իրականացնելու պահանջը և այլ կարևոր դրույթներ: Վերացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացում այլընտրանքային լուծումները դիտարկելու պահանջը:

Փոխարենը, օրինագծում ավելացվել է հասարակության համար անընդունելի մի դրույթ, որը խառնաշփոթ է ստեղծում շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության գնահատման մոտեցումներում և վտանգում դրանց արդյունավետությունը: Մասնավորապես, ավելացված դրույթի համաձայն փորձաքննության կարող են ներկայացվել ոչ թե գործունեության տեսակները, այլ այն սարքավորումները, որոնց միջոցով իրականացվում են համապատասխան նախագծերը: Այլ կերպ ասած, այս նորամուծության հետևանքով փորձաքննության կարող է ներկայացվել ոչ թե Սևանա լճի ավազանում նախատեսվող հանքարդյունաբերական գործունեության նախագիծը, այլ, օրինակ՝ Սոթքի հանքավայրի ջարդիչ-տեսակավորող սարքը՝ որպես «որակի միջազգային ստանդարտին համապատասխանող սարքավորում»՝ առանց հաշվի առնելու, որ տվյալ սարքը պետք է աշխատի տարածաշրջանի խմելու ջրի ամենամեծ ջրամբարի ջրհավաք ավազանում՝ համապատասխան հնարավոր բացասական հետևանքներով: Նման մոտեցման պարագայում այլևս ամբողջովին անիմաստ են դառնում օրինագծի բոլոր, այդ թվում՝ հասարակության մասնակցության ապահովման, դրական գործընթացները:

Մենք՝ ՇՄԱԳ օրինագծի մշակմանը մասնակցած աշխատանքային խմբի ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ 2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և  հուլիսի 23-ին ՀՀ նախագահի  կողմից ստորագրված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է կեղծիքներով և մասնավոր շահերի թելադրմամբ, հակասում է առողջ շրջակա միջավայրում ապրելու հանրային շահին և առանձին դրույթների պատճառով լրջագույն հետընթաց է 1995թ. ընդունված օրենքից:

Հաշվի առնելով այն, որ ՇՄԱԳ օրինագծի հապճեպ ընդունումը պայմանավորված էր Համաշխարհային բանկի նախապայմանը բավարարելու մղումով և վարկային միջոցների ստացման ակնկալիքով՝ դիմում ենք Համաշխարհային բանկին և խնդրում աջակից լինել Հայաստանի հանրությանը՝ վերանայելով իր դիրքորոշումը  բյուջետային վարկային ծրագրի գումարը տրամադրելու կապակցությամբ՝ մինչև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը և տնտեսական զարգացման հավասարակշռված մոտեցման, շրջակա միջավայրի ու մարդու առողջության պահպանության համապատասխան հիմքերի երաշխավորումը: Մոտ  20  տարի  տարբեր դոնորներից միլիոնավոր դոլարների աջակցություն և խորհրդատվություն ստանալուց, հարյուրավոր սեմինարների ու կոնֆերանսների մասնակցելուց հետո ՇՄԱԳ օրենքի նման տարբերակը չի կարող ընդունելի լինել Հայաստանի քաղաքացիական հասարակության համար: Այն չպետք է ընդունելի լինի նաև այնպիսի նշանակալի կառույցի համար, ինչպիսին Համաշխարհային բանկն է, որը տարիներ շարունակ հետևողաբար բարձրաձայնել է օրենքի փոփոխության անհրաժեշտության մասին:

Մեր կարծում ենք, որ անհապաղ՝ ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում, պետք է փոփոխություններ և լրացումներ կատարվեն 2014թ. հունիսի 21-ի ՇՄԱԳ օրենքում՝ հաշվի առնելով վերոնշյալ մտահոգությունները: Այս օրենքի թերությունների շտկումը օրվա հրամայական է, և Համաշխարհային բանկն այլևս չպետք է հանդուրժի ՀՀ կառավարության սին խոստումները և անհիմն հետաձգումները՝ սեփական վարկանիշը չվտանգելու համար:

Սույն նամակով դիմում ենք նաև շահագրգիռ միջազգային կոնվենցիաների քարտուղարություններին՝ ի գիտություն ընդունելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ընդունման ընթացքում տեղ գտած կեղծարարությունը և հասարակական կառույցների մասնագիտական տեսակետների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը:

Աշխատանքային խմբի անդամներ՝

Արթուր Գրիգորյան

«Էկոդար» ՀԿ անդամ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ

Սոնա Այվազյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ փոխտնօրեն

 

Նախորդ հոդվածը‘Պենտագոն. Ռուսաստանը հրետանու խմբաքանակ է հասցնում գրոհայիններին’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը հետմահու պարգեւատրել է զոհված զինվորին’