‘Քաղաքացիները՝ դեսպաններին. «Իրավունք չունեք արժեզրկել Հայաստանի ժողովրդի մոտ ձևավորված բարոյական կապիտալը»’

799

Երեւանում Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի դեսպանությունների մոտ բողոքի ցույց անցկացնող քաղաքացիները հիշյալ երկրների դեսպաններին նույնաբովանդակ նամակներ են հանձնել, որոնցում նրանք իրենց ափսոսանքն են հայտնում երկրների ղեկավարների՝ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքներում տեղ գտած գնահատականներով: 

«Մենք խորապես հիասթափված ենք նախագահական ընտրությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանին Ձեր երկրի նախագահի հղած շնորհավորանքում տեղ գտած գնահատականներից: Մեր կարծիքով նման գնահատականներ կարող էին ի հայտ գալ երկու դեպքում. կամ Ձեր պետության ղեկավարը չի տիրապետում Հայաստանում նախագահական ընտրություններում տեղի ունեցած զանգվածային ընտրակեղծիքների, ընտրողների ահաբեկման և կաշառման մասին տեղեկություններին, կամ նա սատարում է քրեաօլիգարխիայի կողմից Հայաստանի իշխանությունների ուզուրպացմանը:

Մեզ նաև զարմացնում է, որ Ֆրանսիայի/Ռուսաստանի/Իտալիայի լրատվամիջոցները չեն լուսաբանում քրեաօլիգարխիկ համակարգի դեմ մղվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պայքարը: Մենք Ֆրանսիայի ժողովրդին տեղեկացնում ենք, որ երբեք չենք համաձայնվի մի քանի հոգու կողմից Հայաստանում պետական համակարգի յուրացման հետ և շարունակելու ենք ժողովրդավարության հաստատմանն ուղղված մեր պայքարը: Մենք վճռական ենք մեր գործողություններում և հայտարարել ենք քաղաքացիական անհնազանդության մասին: Մենք չենք հնազանդվելու չընտրված նախագահի հրամանագրերին, այդ թվում` նրա ստորագրած միջազգային պայմանագրերին:

Մենք ցանկանում ենք Ձեր երկրի կողմից տեսնել ժողովրդավարական արժեքների այնպիսի դրսևորում, որը հարիր է դրանք հռչակած եվրոպական երկրին: Դուք իրավունք չունեք ձեր գործողություններով կամ անգործությամբ արժեզրկել Հայաստանի ժողովրդի մոտ ձևավորված այն բարոյական կապիտալը, որը ձևավորել են Եվրոպայի ժողովուրդները տարիների ընթացքում: Նման քաղաքականությունը կհանգեցնի մեր կողմից վստահության կորուստին և Եվրոպայի ու Հայաստանի միջև անջրպետի ստեղծմանը:

ՀՀ քաղաքացիներ

Երևան, փետրվարի 26, 2013 թ.

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկոն գործարարներին սպառնում է քաղաքական պայքարի «հետեւանքների» մասին’
Հաջորդ հոդվածը‘Բժշկական համալսարանը կթույլատրի ուսանողներին միանալ ակցիային’