‘Քաղաքացիները Մանվել Բադեյանից պահանջում են ներողություն հայցել’

974

Ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հայտարարության, «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է արել պատգամավորին ներողություն հայցել օրենքի կիրառությանը դեմ ատահայտվող տասնյակ հազարավոր քաղաքացիներից:

«Պարոն Բադեյան, թույլ տվեք հիշեցնել, որ Դուք հանդիսանում եք Ազգային ժողովի պատգամավոր, այն էլ՝ իշխող կուսակցության՝ ՀՀԿ խմբակցության անդամ, և ի պաշտոնե կոչված եք ծառայելու քաղաքացիներին, ում ներկայացուցիչը հանդիսանում եք Դուք օրենսդիր իշխանությունն իրականացնող մարմնում: Ի դեպ, իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին (ՀՀ Սահմանադրություն, հոդված 2), և Դուք ընդամենն այդ իշխանությունն իրականցնում եք այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացիները Ձեզ դա լիազորում, պատվիրում ու համապատասխանաբար վարձատրում են:

Ելնելով այն հանգամանքից, որ Դուք ՀՀ քաղաքացիների, այդ թվում «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամ շուրջ 13.000 քաղաքացիների վարձու աշխատողն եք, պահանջում ենք, որպեսզի Ձեր արտահայտություններում, հատկապես հրապարակային, ցուցաբերեք հարգանք ՀՀ քաղաքացու հանդեպ և երբևէ Ձեզ թույլ չտաք նմանատիպ ոչ կոռեկտ արտահայտություններ ՀՀ քաղաքացիների հասցեին՝ առավել ևս Ձեզ իրավունք վերապահելով գնահատականներ տալ այս կամ այն քաղաքացու կրթվածության մակարդակի վերաբերյալ: Ի վերջո, սանձարձակությունն էլ սահման ունի, ինչպես և ՀՀ քաղաքացիների համբերությունը: Գիտակցեք, խնդրում ենք, որ Դուք իշխող կուսակցություն եք ներկայացնում և պետք է պատշաճ մակարդակ ցուցաբերեք Ձեր վարքով ու հայտարարություններով:

Ինչ վերաբերում է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքին դեմ արտահայտվող քաղաքացիների կրթվածությանն ու ինտելեկտուալ կարողություններին, թույլ տվեք կրկին Ձեզ հիշեցնել, որ այդ քաղաքացիներն այն աստիճան կրթված են և այնպիսի պոտենցիալով, որ կարողանում են աշխատել՝ կիրառելով բացառապես իրենց բարձր մասնագիտական որակավորումն ու գիտելիքները, վճարել բավականին բարձր հարկեր, որպեսզի Դուք կարողանաք ստանալ աշխատավարձ և դեռ մի բան էլ փորձեք այն նշանակալիորեն բարձրացնել: Ելնելով վերը նշվածից՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնությունը Ձեզնից պահանջում է հրապարակային ներողության հայցում՝ ՀՀ քաղաքացիների ստվար խմբին հրապարակային վիրավորելու համար: Պարզաբանենք. տարբեր մասնագիտությունների տեր, աշխատող մարդկանց կրթվածությունը կասկածի տակ դնելը վիրավորանք է ինչպես քաղաքացուն, այնպես էլ ՀՀ-ին, որտեղ փաստորեն «անկիրթ» քաղաքացիներ են աշխատում տարբեր կարևորագույն ոլորտներում:

Անդրադառնալով Ձեր հարց-մտահոգությանը, թե «ով մեր թոշակը պտի տա», նշենք, որ լինելով օրենսդիր մարմնի անդամ՝ ենթադրվում է, որ այդ հարցի պատասխանն ավելի քան պիտի ունենայիք: Ինչևէ, գտնվելով մեծահոգի՝ պարզաբանենք Ձեզ համար: Պետությունը, որն իրեն Սահմանադրությամբ հռչակել է սոցիալական, պարտավոր է ապահովել յուրաքանչյուր քաղաքացու նվազագույն կարիքները բավարարող սոցիալական կենսաթոշակ պետական բյուջեից, որը հիմնականում ձևավորվում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից, վարելով համապատասխան հարկաբյուջետային քաղաքականություն և իրականացնելով արդյունավետ կառավարում: Բացի այդ, մենք այսօր վճարում ենք ոչ փոքր տոկոս կազմող եկամտային հարկ, եթե հիշում եք, և մեր վճարած հարկերի միջոցով պետությունն ապահովում է կենսաթոշակ այսօրվա թոշակառուների համար, իսկ վաղը, ելնելով սերունդների համերաշխության սկզբունքից, մեր կենսաթոշակը պետությունը պիտի վճարի վաղվա աշխատող քաղաքացիների վճարած հարկերից ձևավորվելիք պետական բյուջեից: Այլ բան է, որ եթե Դուք մտահոգություն ունեք, որ վաղն այդչափ աշխատող քաղաքացիներ գուցե չլինեն, և մեր վաղվա կենսաթոշակի վճարումը վտանգված է, ապա Դուք եք կառավարող քաղաքական ուժը, հնարավորություն ու պարտք ունեք կառավարելու ի շահ Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների, որպեսզի վաղը մեր երկրում չլինի համապատասխան որակավորմամբ աշխատունակ քաղաքացիների և աշխատատեղերի պակաս: Հուսանք՝ մեր պատասխանը փարատեց Ձեր մտահոգությունները», — ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:

Ըստ Dem.am

Նախորդ հոդվածը‘ՆԳ նախարար. Իրավապահներն ուժ չեն կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Արա Այվազյանը այլեւս Շվեդիայում ՀՀ դեսպանը չէ ‘