‘Քաղաքացիների հաշիվները արգելափակելու հետ կապված՝ ԴԱՀԿ-ն բանկերին օրական 10 000 դիմում է ներկայացնում ‘

1139

Վերջերս ԴԱՀԿ-ի կողմից բանկերին ուղարկվող պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու հետ կապված՝ բանկերին ուղղվող էլեկտրոնային հաղորդագրությունների թվաքանակը օրական 300-400 հաղորդագրություններից հասել է մինչև օրական 10 հազարի:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանի Բանկերի միության մամուլի ծառայությունից, այդ հաղորդագրությունների բարձր աճի միտումները պահպանվում են:

ՀԲՄ-ի կարծիքով՝ այս գործառույթը որևէ կապ չունի բանկերի հիմնական գործունեության հետ, սակայն այն իրականացնելու համար բանկերից պահանջվում են մարդկային, ծրագրային և ֆինանսական մեծ ռեսուրսներ: «Բանկերը մշտապես եղել են և կան կառավարության կողմից իրականացվող ծրագրերի և գործառույթների իրականացման համար լավագույն գործընկերներից մեկը, մշտապես իրենց վրա կրել են սոցիալական պատասխանատվություն և իրենց նպաստն են ունեցել տարատեսակ սոցիալական ծրագրերի իրականացմանը: Այս դեպքում ևս, բանկերը պատրաստակամ են ԴԱՀԿ-ին օգնելու իր գործառույթը կատարելու համար: Սակայն կարիք կա օրենքի նախագծում բազմակողմանի անդրադարձ կատարել նաև բանկերի կողմից բարձրացվող խնդիրներին»,-ասված է ՀԲՄ հայտարարության մեջ:

Ս. թ. հուլիսի 10-ին մի շարք ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ: Համաձայն այդ լրացումների, «Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվը սպասարկող բանկը պարտավոր է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը և բաց թողնված օգուտը»,-ասված է այդ լրացումներում:

Մի շարք խնդրահարույց հարցերի հետ կապված՝ բնակչությունը իր դժգոհությունն է ուղղում բանկերին, երբ բանկերը որևիցե կապ չունեն այդ հարցերի լուծման հետ: Մասնավորապես, պարտապանների մի մասը, ծանուցված չլինելով իրենց նկատմամբ կիրառված վարչական տուգանքի մասին, հնարավորություն չի ունենում նախապես՝ մինչև իրենց բանկային հաշիվների վրա արգելանք դնելը, վճարել վարչական ակտով սահմանված տուգանքը, որն էլ, իր հերթին, արդարացի բողոքի հիմք է հանդիսանում: Բացի այդ, հաշիվներից արգելանքը հանելու հետ կապված  գործընթացում ԴԱՀԿ-ի կողմից կատարվող որոշակի գործողությունների ժամկետները ևս հաճախորդների մոտ դժգոհությունների տեղիք են տալիս:

 Նշենք, որ Հայաստանում գործող 21 բանկերում և մոտ 500 մասնաճյուղերում հաճախորդների բազան կազմված է մոտ 2 մլն իրավաբանական և Ֆիզիկական անձանցից, որոնք բանկերում ունեն մոտ 3.5 մլն հաշիվներ, որի մոտ 2 մլն-ը կազմում են՝ ֆիզիկական, և ավելի քան 7 հազարը` իրավաբանական անձինք: Հաշիվների քանակը բանկերում համապատասխանաբար կազմում է 3.3 մլն. և 169 հազար:

Նախորդ հոդվածը‘«Ոսկե ծիրան»-ը կնշի Օթար Իոսելիանիի 80-ամյակը’
Հաջորդ հոդվածը‘Արա Աբրահամյանը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը. Նա չի հավատում’