‘Քաղաքացին դատապարտվել է ապօրինի զինամթերք ձեռք բերելու և պահելու համար’

1019

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ծղուկ գյուղի բնակիչ Կամո Թորոսյանը  մեղավոր է ճանաչվել  ապօրինի  զինամթերք պահելու համար եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման, հատնում է Փաստինֆոն:

Կամո Թորոսյանի «զինանոցը» հագեցած է եղել տարբեր ինքնաձիգերի համար նախատեսված փամփուշտներով: Նրա մոտ իրավապահները հայտնաբերել են մասնավորապես ապօրինի ձեռք բերված  «ԱԿ-74» ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 312, «ԱԿՄ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 129, 5.6 մմ տրամաչափի 3 փամփուշտներ, «ԱԿ-74» ինքնաձիգի 5 պահունակ և «ԴՇԱ» տեսակի` պայթուցիկ նյութ համարվող, 13 մետր դետոնացիոն քուղ: Եւ այս ամենը 64-ամյա Թորոսյանը պահել է  իր տան անասնագոմի տանիքում:

Դատաքննության սկզբում Կ. Թորոսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ապօրինի զինամթերք պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում եւ խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ:

Դատարանը բավարարել է մեղադրյալի միջնորդությունը, ու հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով դատարանը նաեւ վճռել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով:

Կ. Թորոսյանի  վարքի նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի  ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանումը: Իսկ որպես փորձաշրջանի սկիզբ կհաշվարկվի վերընշված ստորաբաժանման կողմից հաշվառման վերցնելու օրը։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին մնում է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
 

Նախորդ հոդվածը‘Այսօր կհանդիպեն Վրաստանի նախագահը և վարչապետը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Չէի ասի, թե ես կոսմոպոլիտ եմ’