‘
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ երեկ ժամը 18.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում՝ նախկին Կերամիկայի գործարանի մոտակայքում, քաղաքացի է ընկել փոսը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ս. Մ.-ն (Սեթրակ Մամիկոնյան, ծնվ. 1978 թ.) սահել-ընկել է խրամուղին (20մ երկարություն, 2մ լայնություն, 4մ բարձրություն), այնուհետև նրա վրա է լցվել խրամուղու եզրին կուտակված հողի շերտ:
Փրկարարները 3մ հաստությամբ հողաշերտի տակից դուրս են բերել Ս.Մ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Էրեբունու ԲԿ»-ի վերականդանացման բաժանմունք: Վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է: «Էրեբունու» բժշկական կենտրոնից շուտով տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայրից իրենց մոտ է հոսպիտալացվել նաև Ժ. Մ.ն (ծնվ. 1992թ.), ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Shamshyan.com-ը դեպքի կապակցությամբ գրում է, թե դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված փոսը փորվում էր ջրահեռացման խողովակներ անցկացնելու համար, և չի պահպանվել անվտանգության կանոնները, իսկ Շենգավիթ Վարչական շրջանկի կոմունալ ծառայության աշխատակիցներն էլ հայտնում էին, որ այն փորվել է ապօրինի, ինչը հավաքված մարդկանց մոտ զայրութ առաջացրեց: Իսկ իրականությունը պարզելու համար պետք է աշխատեն ոստիկանության Շենգավիթի բաժնի քննիչները:
Իսկ ահա Tert.am-ի հետ զրույցում թաղի բնակիչները փոխանցեցին, որ նշված փոսը փորվել էր անհատ անձի նախաձեռնությամբ՝ առանց համապատասխան կառույցների օրինական թույլտվության:
Գործարանի մերձակա բնակելի տների բնակիչների պատմելով՝ մահացողը պարզապես օգնել է ընկերոջը: Նրանց կարծիքով՝ Սեդրակը կփրկվեր, եթե ԱԻՆ ծառայության փրկարարները դեպքի վայրում աշխատեին շան օգնությամբ: Բնակիչներից Ալլա Մ.-ն հիշեց 88-ի երկրաշարժը, երբ փլատակների տակ մարդկանց որոնումն առավել արդյունավետ էր դառնում հենց այս խելացի կենդանիների շնորհիվ:
«Առաջին բրիգադան եկավ, հետները շուն չէին բերել, երկրորդ բրիգադան եկավ, էլի առանց շան: Մարդիկ թափվել էին փոսի վրա, փորում էին՝ կոնկրետ ուղղությունը չիմանալով: Որ շուն լիներ, երևի Սեդրակին ավելի շուտ հանեին, որովհետև իրա ձայնը ահագին վախտ լսվել է»,- նկատեց տիկին Ալլան:
Փրկարարական աշխատանքներին մասնակցած մի բնակիչ պատմեց, որ Սեդրակը տանը քնած է եղել, երբ ընկերը կանչել է, որ իրեն օգնի: Ներքևում աշխատողներին ուղղություն ցույց տալու նպատակով Սեդրակը ոչ թե իջել է փոսը, այլ բացվածքի եզրին կուտակված հողաշերտի գլխին պպզած՝ հրահանգներ է տվել: Հավանաբար չդիմանալով ծանրությանը՝ հողաշերտը միանգամից սահել է ներքև՝ իր հետ տանելով նաև Սեդրակին: Ծանր կավահողը միանգամից լցվել է երիտասարդի վրա:
Սեդրակ Մամիկոնյանն ամուսնացած էր, հարևանների փոխանցմամբ՝ ուներ 8 և 10 տարեկան երկու երեխա: Դեպքի օրը կինն ու զավակները բացակայել են քաղաքից՝ հանգստանալու նպատակով մեկնել էին Արթիկի գյուղերից մեկը: Օգոստոսի 16-ին կինը զանգահարել է ամուսնուն և հորդորել, որ միանա իրենց, սակայն Սեդրակը հրաժարվել է: Գերադասել է գնալ և օգնել ընկերոջը:
‘