‘«Քաղաքացի դիտորդ». Հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների կամքը’

1371

«Քաղաքացի Դիտորդ» նախաձեռնությունը հրապարակել է դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի դիտարկման վերաբերյալ զեկույցը: Զեկույցում մասնավորապես նշվում է.

«2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) Հանրաքվեների օրինակելի պրակտիկայի կանոնագրքում (անգլ.` Code of Good Practice on Referendums) ամրագրված այնպիսի նորմերի, ինչպիսիք են ընտրական ցուցակների արժանահավատությունը, հավասար ընտրական իրավունքի ապահովումը, ընտրողների՝ կարծիք ձևավորելու և իրենց կամարտահայտման ազատության երաշխավորումը, հանրաքվեի պատշաճ դիտարկման հնարավորությունը և արդյունավետ բողոքարկման համակարգը. Ուստի, կարելի է պնդել, որ հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների կամքը, դրանք մեծամասամբ պարտադրված և կեղծված են, և, այդպիսով, հանրաքվեն և դրա միջոցով ընդունված փաստաթուղթը չեն կարող համարվել լեգիտիմ:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը դիտորդական առաքելությունն արձանագրել է լայնածավալ, վերջին տարիների համար աննախադեպ և, կարծես թե, մոռացված կոպիտ խախտումներ ու կեղծիքներ՝ ինչպիսիք են դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչների, ինչպես նաև՝ վստահված անձանց իրավունքների համատարած սահմանափակումները և վերջիններիս լիազորությունների իրականացման խոչընդոտումը, քվեարկության ընթացակարգերի խախտումները, քվեատուփի լցոնումը, կաշառքը, ֆիզիկական ուժի կիրառումը, կրկնակի քվեարկությունները, ամփոփման ընթացքում քվեարկության արդյունքների նենգափոխումը, ամփոփիչ արձանագրությունների կեղծումը, որոնց վերաբերյալ առաքելության կազմում ներգրավված դիտորդներից և ԶԼՄ ներկայացուցիչներից ստացվել են թվով մոտ 1080 ահազանգեր, որոնցից շուրջ 130-ը՝ վերաբերել են վերջիններիս իրավունքների խախտումներին և լիազորությունների իրականացման խոչընդոտներին:

Կազմվել  և հանրաքվեի  ընտրատարածքային և կենտրոնական հանձնաժողովներ են ներկայացվել ընտրական գործընթացի խախտման վերաբերյալ թվով 156 տեղամասից ստացված ահազանգերի առնչությամբ դիմում-բողոքներ և շուրջ 258 տեղամասերի ամփոփիչ արձանագրությունների վավերության վերաբերյալ դիմում-բողոքներ: Դիմումների կապակցությամբ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի (ՀԿՀ) որոշումները վիճարկվել են ՀՀ վարչական և սահմանադրական դատարանում, սակայն վերջիններիս կողմից դրանք պատշաճ բովանդակային քննության չեն ենթարկվել: Ահազանգերի քարտեզում արձանագրված և ԶԼՄ-ներով լուսաբանված ընտրախախտումները, ինչպես նաև դրանց հիման վրա ՀԿՀ-ին  ուղղված հրապարակային դիմում-բողոքները հիմք են հանդիսացել իրավապահ մարմինների կողմից ընտրակեղծիքների փաստերով նյութեր նախապատրաստելու համար:

Վերոնշյալ խախտումների նկատմամբ արձագանքը կամ, ավելի ճիշտ, պատշաճ արձագանքի բացակայությունը թե՛ ընտրական վարչարարությամբ զբաղվող իրավասու մարմինների՝ հանրաքվեի հանձնաժողովների, թե՛ իրավապահ մարմինների և թե՛ դատական համակարգի կողմից կարող են ակնարկել դրանց համակարգված և համընդհանուր բնույթ ունենալու, ինչպես նաև նշված պետական ինստիտուտների՝ իրենց օրինական գործառույթներն իրականացնելու անկարողության կամ ցանկության բացակայության մասին:

Բացի վերոնշյալը, դիտորդական առաքելության ընթացքում վեր են հանվել և հիմնավորվել  համակարգային բնույթ կրող այլ խնդիրներ ևս, որոնց մի մասը պայմանավորված է առկա իրավակարգավորումների չկիրառմամբ, իսկ զգալի մասը՝ ընտրական օրենսդրության բացերով ու թերություններով: Մասնավորապես, ընտրողների ցուցակների վարման կարգի, վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրական վարչարարության, քաղաքացիական վերահսկողության, ընտրական վեճերի ոլորտներում առկա խնդիրները լուրջ խոչընդոտ են արդյունավետ ընտրական համակարգի կայացման ճանապարհին՝ վստահելի ընտությունների ապահովման և այդ գործընթացներում իրավունքների արդյունավետ պաշտպանության համար: Քանի որ այդ խնդիրների ազդեցությունն առանցքային դեր ունի ընտրական իրավունքի երաշխավորման տեսանկյունից, անհրաժեշտ է, որ դրանք հաշվի առնվեն ընտրական օրենսդրության վերանայման շրջանակներում և հետագայում կազմակերպվելիք ընտրական գործընթացներում»:

Հիշեցնենք, որ նախաձեռնությանը մաս են կազմել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ), «Իրավունքի Եվրոպա միավորումը» (ԻԵՄ), «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը» (ԺԱԱ) և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» (ՀՔԱՎ):

 

Նախորդ հոդվածը‘Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել բրիտանական ոստիկանությանը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտարկում ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ’