‘
Արդեն երկար ժամանակ է, որ իշխանական քարոզչամեքենայի և իշխանահպատակ ընդդիմադիրների կողմից շրջանառվում է այն միտքը, թե կուսակցություններն այլևս ակտուալ չեն, թե քաղաքացիները շատ ավելի վտանգավոր են իշխանությունների համար, քան կուսակցությունները, և թե քաղաքացիներն այդպիսով պետք է ինքնակազմակերպվեն առանց կուսակցությունների:
Քաղաքացիների վտանգավորության հիմնավորումը հետևյալն է. վերջին իրադարձությունները` կարկուտից տուժածների բողոքի միջոցառումները, զոհված զինծառայողների ծնողների բողոքը, զոհված զինվորի դիակը Երևան բերելու փորձը ցույց տվեցին, որ իշխանությունները վախենում են հենց քաղաքացիներից , քանի որ անհավանական ջանքեր գործադրեցին նրանց ընդվզումը զսպելու համար` ոստիկանական զորքեր, զինված ստորաբաժանումներ, բանակցող նախարարներ ու ոստիկանապետեր, և այլն: Ըստ այս պնդման՝ եթե կուսակցություններին հնարավոր է վախեցնել, առնել, մաշեցնել, պառակտել, ապա քաղաքացիներն անսասան կանգնած են այս բոլոր մարտահրավերների առաջ:
Անվիճելի է, որ արդարացված և գովեստի արժանի է քաղաքացիների ընդվզման ցանկացած դրսևորում: Բայց մեկ բան միանշանակ է. այս տարիների ընթացքում ոչ մի քաղաքացիական ընդվզում չի հասել այնպիսի մակարդակի, որ կարողանա լուրջ վտանգ ներկայացնել ռեժիմի համար: Սոցիալական խնդիրների վրա հիմնված տարերային ընդվզումները մշտապես կարիք են ունեցել կազմակերպման, ինչը, սակայն, հնարավորինս խոչընդոտվել է իշխանությունների կողմից: Ավելին, կուսակցությունները, որ ըստ էության՝ սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացիների ինքնակազմակերպման բարձրակետն են, իշխանահպատակ քարոզչության կողմից ներկայացվում են որպես չարիք և քաղաքացիների ինքնակազմակերպմանը խոչընդոտող երևույթ: Բաղրամյան 26-ին ենթակա քարոզչակենտրոններով շարունակ թմբկահարվում է քաղաքացիների ինքնակազմակերպման անհրաժեշտության մասին, սակայն՝ առանց ինքնակազմակերպման ձևերի մասին խոսելու: Տպավորությունն այնպիսին է, որ քաղաքացիներին առաջարկվում է ուղղակի հեռու մնալ կուսակցություններից և սպասել մի լուսավոր արշալույսի, երբ մարդիկ կարթնանան և արդեն իրենց ինքանակազմակերպված կզգան: Քաղաքացիների և կուսակցությունների միջև այս արհեստական բարիկադը հաճախ միանգամայն արդյունավետ է գործում:
Արհեստականությունը հասկանալու համար հարկավոր է անել մի պարզագույն համեմատություն: Համեմատեք ձեր մատնանշած բողոքների տևողությունն ու դրանք զսպելու արագությունը և ռեժիմին դիմադրող կուսակցության պայքարի տևողությունն ու իշխանությունների կողմից նրան զսպելու անհնարինությունը:
Իհարկե, քաղաքացիների դիմադրողականության պակասն ունի օբյեկտիվ պատճառներ, և այս իրավիճակում մեկժամյա բողոքն էլ կարելի է մեծ ձեռքբերում համարել, բայց ասել, որ քաղաքացիներին հնարավոր չէ մաշեցնել, պառակտել, վախեցնել ու առնել՝ այնքան էլ տրամաբանական չէ: Նմանատիպ մտքեր արտահայտողները մի հարց պետք է տան իրենց. եթե արմավիրցիների այդքան վճռական ու անկոտրում թվացող ընդվզումը զսպելն ի՞նչ էր, եթե ոչ՝ վախեցնել, եթե զոհված զինծառայողի դին Երևան բերողներին զորքերի ու նախարարների միջոցով ետ ուղարկելը մաշեցնել ու վախեցնել չէր, ապա ի՞նչ էր: Եվ այսպիսի դեպքերի ականատեսը մենք լինում ենք անընդհատ: Մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտից, կուսակցություններից կտրված քաղաքացիների բողոքը հնարավոր է լինում շատ արագ չեզոքացնել, և բողոքավորներն էլ մի քանի ժամ անգամ չեն դիմանում փողոցում: Սա իշխանությունների կողմից դրված խնդրի գերազանց լուծում է: Ռեժիմը հնարավորինս հեռու է պահում քաղաքացիներին և նրանց բողոքը՝ համակարգի նկատմամբ կազմակերպված դիմադրություն դարձնելու ռեալ լծակներ ունեցող կուսակցություններից:
Դեռ կարելի է հասկանալ, երբ ասում են, որ քաղաքացիների ինքնակազմակերպումը շատ վտանգավոր է իշխանությունների համար, երբ ասում են, որ կուսակցությունները քաղաքացիների բողոքը կազմակերպված դարձնելու գործում դեռ չեն հասել ցանկալի հաջողության : Բայց երբ քաղաքացիների և կուսակցությունների միջև արվում է մի անհամեմատելի համեմատություն, ինչի արդյունքում առավել վտանգավոր են համարվում քաղաքացիները, այն էլ՝ մի հիմնավորմամբ, որ իսկապես դժվար է տրամաբանական համարել, դժվար է չխոսել իրականության միտումնավոր խեղաթյուրման և Հայ ազգային կոնգրեսի՝ կուսակցություն դառնալուց հետո ռեժիմի համար արդեն վտանգավոր դարձած կուսակցություն ինստիտուտի արժեզրկման և վարկաբեկման փորձի մասին:
Հարկավոր է խուսափել նմանատիպ արհեստական, միայն Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատին ձեռնտու այս բաժանումներից: Վերջապես պետք է գիտակցել, որ կուսակցությունները հենց քաղաքացիներն են, և հակառակը, և նրանց միջև տարբերության նշաններ դրվում են միմիայն իշխանահպատակ քարոզչակենտրոնների կողմից՝ ժողովրդական ուժերը ջլատելու նպատակով:
Արեգ Գևորգյան
‘