‘Քաղաքացու կոչը Քառյակին և իշխանություններին ‘

2008

Մեր ընթերցողներից մեկը բաց նամակ է ուղարկել մեր խմբագրություն՝ ուղղված իշխանություններին և ընդդիմադիր Քառյակին: Նամակը՝ մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի քառյակ.

Դուք այսօր ձեզ վրա եք վերցրել մի ողջ ժողովրդի հանդեպ «ճակատագրական պատասխանատվությունը» և իրավունք չունեք հապաղելու, սխալվելու ու ժողովրդին
հուսախաբ անելու: Հայաստանյան քաղաքական-հասարակական կյանքում իսկապես հասունացել է արմատական փոփոխությունների պահանջը, ողջ ժողովուրդը հոգնել է ինչպես իշխանություններից և նրանց վարած ներքին ու արտաքին քաղաքականություններից, այնպես էլ երկրում տիրող անարդարություններից: Հուսահատությունից ժողովրդի մի ստվար հատված նեղացած հեռացել ու դեռ շարունակում է հեռանալ երկրից, որի արդյունքում էլ թուլանում է երկրի անվտանգությունը: Այսօր Հայաստանում ոչ իշխանական ուժերը միավորվել և փորձում են միասնաբար պայքարել գործող իշխանությունների դեմ՝ պահանջելով առաջնահերթ իշխանափոխություն, որին կողմ   է նաև ժողովուրդը:

Պարոնայք իշխանավորներ.

-Հայաստանը ձեր սեփականությունը չէ, դո՛ւք չեք այն ստեղծել և ոչ էլ ձեզանով ավարտվելու է: Հայաստանը բազմադարյա երկիր է, որը բազմաթիվ և դաժան զրկանքների ու պատերազմների միջով է անցել, և մեր նախնիները այսօրվա Հայաստանը
ժառանգել են ամբողջ հայ ժողովրդին, և ոչ մի իշխանության իրավունք չի տրվում խաղալ այս երկրի ու այս բազմաչարչար ժողովրդի բախտի ու ճակատագրի հետ:

-Վերադարձրե՛ք հայ ժողովրդից «գողացած Հայաստանը»  իրական Տիրոջը՝ հայ ժողովրդին: Ե՛տ բերեք ձեր վարած ապազգային քաղաքականության արդյունքում երկրից հեռացած մեր եղբայրներին ու քույրերին:

-Ե՛տ վերադարձրեք մեր` երբեմնի հզոր արդյունաբերական, գյուղատնտեսական,
հոգևոր-մշակութային, մարզական, գիտաարտադրական, ռազմավարական ու
կենսապահովման օբյեկտները, մեր բնությունն ու Սևանը:

-Վերադարձրե՛ք ժողովրդի աշխատասիրությունն ու ստեղծագործ ոգին, վաղվա նկատմամբ ունեցած հույսն ու հավատը:

-Վերադարձրե՛ք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ
ժողովրդի ունեցած հավատքը:

-Վերադարձրե՛ք բոլորը, ինչ գողացել եք ժողովրդից:

-Մարե՛ք երկրի արտաքին ու ներքին պարտքերը, որոնք առաջացել են ձեր ոչ
արդյունավետ աշխատանքի արդյունքում և վերջապես` ետ վերադարձրեք ՀՀ քաղաքացու դեմքից խլված ժպիտը և հեռացե՛ք:

Քառյակի հարգելի ղեկավարներ.
Ժողովուրդը հավատում և վստահում է ձեզ ու խնդրում՝ երբեք հուսախաբ չանեք իրեն,
այլապես դա կբերի ինչպես պետության, այնպես էլ հայ ժողովրդի վերջնական կործանմանը: Ուստի, խնդրում ենք գործել չափազանց արագացված ռեժիմով, քանի որ ժամանակը շատ սուղ է (իշխանությունները նոր դժվարություններ են ուզում փաթաթել մեր վզին), մոբիլիզացրեք ժողովրդին, և առաջիկա հանրահավաքին ձևավորեք ժամանակավոր կառավարություն, կոչով դիմեք ՀՀ բոլոր ուժային կառույցների ղեկավաներին, որպեսզի նրանք զերծ մնան Համաժողովրդական Շարժմանը խանգարելու մոլուցքից և որդեգրեն ժողովրդի շահերը պաշտպանելու սկզբունքը, մշակեք և ժողովրդի դատին ներկայացրեք նոր ընտրական օրենսգիրքը, լուծարեք ՀՀ ԱԺ-ը և նշանակեք ԱԺ արտահերթ ընտրություններ, ձևավորեք նոր կառավարություն, անվստահություն հայտնեք գործող «նախագահին» և օրենքի համաձայն՝ նշանակեք նոր նախագահական ընտրություններ: 

Ժողովո՛ւրդ, միացե՛ք, համախմբվե՛ք, ու կհամոզվեք, որ ամեն ինչ կախված է մեզանից: Միասին շատ ուժեղ ենք, ու Աստված մեզ պահապան:

Քաղաքացի Աշոտ Մանուկյան

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերի 27-ից կգործարկվեն 9 նոր արագաչափեր’
Հաջորդ հոդվածը‘Սերբիա – Հայաստան խաղը կանցկացվի առանց հանդիսատեսի’