‘Քաղաքացու նամակ. «Իմ նկատմամբ դրսեւորում են խտրական վերաբերմունք»’

1747

iLur.am-ը քաղաքացի Քրիստինե Դավթյանից ստացել է նամակ, որտեղ վերջինս պնդում է, որ աշխատանքի ընդունվելու հարցում խտրական վերաբերմունքի է արժանացել:

Նամակը հրապարակում ենք առանց խմբագրման եւ պատրաստ ենք հրապարակել նաեւ պատասխան պարզաբանումը:

***

Ձեզ գրում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության նախկին աշխատակցուհի Քրիստինե Դավթյանը: Ես ունեմ առողջական խնդիրներ, մանկուց հաշմանդամ եմ, ունեմ հաշմանդամության երկրորդ խումբ. մասնավորապես՝ ունեմ հենաշարժողական ապարատի խնդիրներ եւ տեղաշարժվում եմ հենակների օգնությամբ: Չնայած իմ հաշմանդամությանը՝ ես ութ տարի ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում օպերատոր եմ աշխատել Վաճառքի եւ բաժանորդների սպասարկման Զանգերի կենտրոնում: Ընկերությունում աշխատել եմ 2008-2016 թվականների ընթացքում: Տեղեկացնեմ նաեւ, որ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունում, ընդունված կարգի համաձայն, բոլոր հաշմանդամություն ունեցող աշխատակիցներն աշխատում են կես դրույք դրույքաչափով, ունենալով հաշմանդամություն եւ հաշվի չառնելով իմ ունեցած հատուկ կարիքները, ութ տարի շարունակ մեծագույն սիրով եւ հաճույքով աշխատել եմ ամբողջական դրույքով: Հավելեմ նաեւ, որ ընկերությունում իմ գործունեության ընթացքում աշխատանքային պարտականություններս մշտապես կատարել եմ հավուր պատշաճի, մասնավորապես՝ ինձ վստահված աշխատանքը միշտ կատարել եմ` պահպանելով ընկերությունում ընդունված ներքին կանոնակարգերն ու ստանդարտները: Եղել եմ նվիրված, բանիմաց, պատասխանատու, պարտաճանաչ, ջանասեր աշխատակից: Վայելել եմ գործընկերներիս եւ անմիջական ղեկավարներիս հարգանքն ու ուշադրությունը աշխատավայրում: Կատարել եմ ինձանից կախված հնարավոր ամեն բան բաժանորդների կարիքների արագ, ճշգրիտ, արդյունավետ բացահայտման, ինչպես նաեւ կարգավորման հարցում:

Ինչպես նշեցի` ունենալով առողջական խնդիրներ՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին, սեփական դիմումիս համաձայն, ազատվեցի աշխատանքից եւ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին մեկնեցի Գերմանիա`բուժման եւ առողջանալու նպատակով: Գերմանիայում առողջությանս համար պայքարեցի տասը երկար ու ձիգ ամիսներ`փորձելով ապաքինվել: Ցավոք սրտի, Գերմանիայում իմ առողջանալու բոլոր ջանքերը անցան ապարդյուն: Առանց առողջանալու եւ առանց որեւէ դրական արդյունքի, 2017 թվականի հուլիսի 21-ին վերադարձա Հայաստան: Այս պահին գործազուրկ եմ եւ փնտրում եմ աշխատանք: Անչափ շատ եմ ցանկանում կրկին աշխատել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում եւ վերականգնվել իմ նախկին պաշտոնում:

2017 թվականի օգոստոսի 5-ին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում դարձյալ աշխատանքի անցնելու համար իմ ինքնակենսագրական տվյալները (CV-ն) օնլայն տարբերակով ուղարկել եմ [email protected] էլեկտրոնային հասցեով, ինչպեսեւ նման դեպքերում պահանջում է ընթացակարգը, եւ սպասել համապատասխան բաժինների արձագանքին: Սակայն համապատասխան բաժիններից պատասխան չստանալով, քանի որ նաեւ անչափ շատ եմ զգում աշխատանքի կարիք, էլեկտրոնային եղանակով դիմել եմ հարգարժան տիկին Լարա Չոլախյանին եւ հարգարժան պարոն Ալեքսանդր Ֆեդյունին: Բոլորին միակ խնդրանքս հետեւյալն է եղել. Իհարկե՝ հնարավորության դեպքում ընձեռել, տալ ինձ հնարավորություն վերականգնվելու իմ նախկին պաշտոնում, թույլ տալ, որ կրկին աշխատեմ իմ սիրելի ընկերությունում` ՎիվաՍել-ՄՏՍ-ում՝ որպես Զանգերի կենտրոնի օպերատոր, բայց դարձյալ կամ պատասխան չեմ ստանում իմ դիմումներին, կամ, լավագույն դեպքում, պատասխանում են, որ այս պահին այդ պաշտոնի համար թափուր տեղեր չկան: Իմ ուղարկած բոլոր դիմում-հայտերը` ինձ իմ սիրած ընկերությունում կրկին ընդունելու եւ աշխատանքս կրկին վերականգնելու խնդրանքով, մնում են անպատասխան։ Միաժամանակ՝ այդ նույն բաժնում` Զանգերի կենտրոնում եւ նույն այդ պաշտոնին, որի համար դիմել եմ ես, դիմում եւ ընդունվում են բազմաթիվ այլ նոր աշխատակիցներ: Այսինքն ստացվում է, որ այդ ընկերության Զանգերի կենտրոն բաժնում միայն ինձ համար թափուր տեղ չունեն, իսկ, օրինակ, իմ նախկին գործընկերուհուն նորից ընդունել են նույն այն պաշտոնում , որի համար դիմել էի ես։  

Ըստ իս, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն իմ նկատմամբ դրսեւորել է խտրական վերաբերմունք, որովհետեւ ես եւ իմ նախկին գործընկերուհին, որին արդեն կրկին ընդունել են աշխատանքի, գտնվում ենք գրեթե նույն իրավիճակում, եւ մեզանից մեկի նկատմամբ ընկերության կողմից՝ առանց օբյեկտիվ եւ ողջամիտ բացատրության եւ պատճառաբանության, ցուցաբերվել է տարբերակված մոտեցում։

 

Նախորդ հոդվածը‘Փաշինյան. Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Արաս Օզբիլիսը տեղափոխվեց «Վիլլեմ II»’