‘«Քաղբանտարկյալները Հայաստանում». ԵԽ Նախարարների կոմիտեն պատասխանել է Լեւոն Զուրաբյանի հարցմանը ‘

2069

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պատասխան նամակ է ուղարկել Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանին, որտեղ անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործին:

Պատասխան նամակում նշված է, որ իրենց տեղեկացրել են, որ Վճռաբեկ դատարանը այս պահի դրությամբ չի հաստատել Առաջին ատյանի վճիռը, ապա հավելում են, որ քանի որ դատական գործընթացըդ դեռ չի ավարտվել, Նախարարների կոմիտեն դեռ չի մեկնաբանում այդ գործը:

Սա նշանակում է, որ Կոմիտեն սպասում է դատական գործընթացի ավարտին, եւ չի բացառում, որ Վճռաբեկ դատարանը կարող է փոխել առաջին ատյանի դատարանի վճիռը:

Հիշեցնենք, որ iLur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հունվարի 21-ի նիստի ընթացքում ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը գրավոր հարց էր ուղղել Հայաստանում առկա քաղբանտարկյալների եւ նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԵԽ Նախարարների խորհրդի նախագահ, Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբեր Սաբոյա Սունյեին (Gilbert Saboya Sunye):

Զուրաբյանը նկատել էր, որ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործի մասին տեղյակ էր պահվել դեռեւս ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում, ապա հիշեցրել էր, որ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելանը 2011-ի օգոստոսի 9-ին հարձակման է ենթարկվել ոստիկանության կողմից, նրան խոշտանգել են եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման քաղաքական դրդապատճառներով, արհեստական մեղադրանքների հիման վրա: Լեւոն Զուրաբյանը նաեւ հիշեցրել էր, որ Առաքելյանը բանտում է անցկացրել արդեն 1 տարի եւ հինգ ամիս, իսկ երեք մյուս ակտիվիստներին, (Դավիթ Քիրամիջյան, Սարգիս Գեւորգյան, Արտակ Կարապետյան) նույնպես երկարատեւ ժամկետով կարող են անազատության մեջ հայտնվել, եթե Հայաստանի Վճռաբեկ դատարանը հաստատի նույն դրվագով նախորդ ատյանների կայացրած վճիռը: Զուրաբյանը հիշեցրել էր նաեւ, որ  Վեհաժողովն իր վերջին նստաշրջանի ընթացքում բանաձեւ էր ընդունել «քաղաքական բանտարկյալ եզրի սահմանման մասին», որում սահմանվեցին 5 չափանիշներ՝ անձին քաղաքական բանտարկյալ ճանաչելու համար, եւ որով կոչ արվեց Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներին՝ վերանայել հնարավոր քաղբանտարկյալների հարցով իրավական գործերը,  ազատ արձակել նրանց կամ թույլ չտալ նմանատիպ  դեպքերի կրկնությունը:

Զուրաբյանը մասնավորապես, հարցրել էր՝ մտադիր է արդյո՞ք Կոմիտեն միջամտել, որպեսզի ՀՀ իշխանությունները ազատ արձակեն քաղբանտարկյալներին:

Հիշեցնենք, որ վաղը՝ մինչև 18:00-ն Վճռաբեկ դատարանը պետք է տեղեկացնի, արդյո՞ք վարույթ է ընդունում ակտիվիստների վճռաբեր բողոքը, թե՞ ոչ: Եթե Վճռաբեկ դատարանը մերժի ներկայացված բողոքի ընդունումը, ապա Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ կայացված դատական վճիռը անմիջապես կմտնի օրինական ուժի մեջ և նրանց նկատմամբ, որպես պատիժ կկիրառվի 2-6 տարվա ազատազրկումը:

Ուշագրավն այն է, որ ԵԽ Նախարարների Կոմիտեի նամակը ուղարկվել է հենց այս օրերին՝ ավելի կոնկրետ, Վճռաբեկ դատարանի կողմից ներկայացվելիք որոշման հենց նախաշեմին:  

Մյուս կարեւոր հանգամանքը այն է, որ Կոմիտեի պատասխան նամակը՝ ինչպես եւ պարոն Զուրաբյանի հարցումն է, նույնպես վերնագրված է՝ «Քաղբանտարկյալները Հայաստանում»: Սա նշանակում է, որ Կոմիտեն մի կողմից հետեւում է Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործին, իսկ մյուս կողմից էլ՝ ընդունում է, որ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Սա նաեւ լուրջ հարված կարելի է համարել ԵԽ-ում՝ Հայաստանի իշխանությունների դիրքերին, եւ վկայում է այն մասին, որ Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրը միջազգային լուրջ հնչեղություն է ստանում: 

\"\"

Նախորդ հոդվածը‘Ստեփան Մարգարյան. Հույս ունեմ՝ Վրաստանը կընդունի Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան ‘
Հաջորդ հոդվածը‘Գեղամ Մանուկյան. Երկու դետալ է մոնտաժվել ասուլիսից ‘