Շուրջ մեկ շաբաթ առաջ Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոչ բարով նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել էր հետևյալը. «Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ… հենց այդ պատերազմը, որը կանխատեսելի էր դեռևս 1990-91 թվականներին, երբ մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ լուծել պատերազմի միջոցով»: Այս հայտարարությունն այլ բան չի կարող նշանակել, քան այն, որ, ըստ Խաչատուրյանի, Ղարաբաղյան առաջին պատերազմը սանձազերծել է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը:
Եվ միայն այն բանից հետո, երբ այս տխմարագույն հայտարարությունն արժանացավ հանրության միահամուռ ցասմանն ու ծաղրին, Խաչատուրյանը, փոխանակ ներողություն խնդրելու ժողովրդից, այսօր խղճուկ փորձ է արել պլստալ ինքն իր գլխին բերած անհարմար վիճակից: Ահա, թե նա ինչ է ասել Ժողովրդավարության հայկական ֆորումում այսօր ունեցած իր ելույթում. «Հայաստանի անկախության հանրաքվեն, առաջին խորհրարանական ու նախագահական ընտրությունները կայացել են մեզ պարտադրված պատերազմի պայմաններում»:
Քամելեոնությունն էլ ինչպե՞ս է լինում — հինգ օր առաջ նա Կատարում հայտարարել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմը սկսել է Հայաստանը, իսկ այսօր հայտարարում է, որ այդ պատերազմը մեզ պարտադրված է եղել Ադրբեջանի կողմից: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:
Աշոտ Սարգսյան