‘Քաշաթաղի ղեկավարը «անձնական ամբիցիաների» պատճառով հետապնդում է դպրոցի տնօրենին’

1950

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի արվեստի դպրոցի աշխատանքը մի քանի ամիս ի վեր արհեստականորեն դադարեցվել է:

Ապրիլին ԼՂՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները տարել են դպրոցի փաստաթղթերը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ֆինանսական միջոցների վատնման հատկանիշներով քրեական գործի շրջանակներում:

Քրգործը հարուցվել է այն հիմքով, որ դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանը աշակերտներից ամսական 600-ական դրամ է հավաքագրել եւ մուտք արել դրանք արտաբյուջետային հաշվի վրա: iLur.am-ի հետ զրույցում Մանուկյանը պարզաբանեց, որ խոսքը պետության եւ դպրոցի նախկին տնօրինության միջեւ 2001-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հավաքագրվող գումարներին է վերաբերում, որի մասին մշտապես մանրամասն հաշվետվություն է ներկայացվել Քաշաթաղի շրջանի վարչակազմին: 

Իրականում, ըստ Գոռ Մանուկյանի, հարուցված քրեական գործը մի մասն է արդեն երեք տարի տեւող հետապնդումների, որ իրականացնում է վարչակազմի Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը՝ Մանուկյանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու նպատակով:

Ծնունդով երեւանցի Գոռ Մանուկյանը Քաշաթաղում բնակություն է հաստատել զինված ուժերում ժամկետային ծառայությունից անմիջապես հետո: Արվեստի եւ սպորտի դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006-ից:

Նա պատմում է, որ 2010-ի օգոստոսից սկսած՝ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը փորձում է անհիմն առիթներով թերություններ գտնել իր աշխատանքի մեջ՝ սկսած վառելիքի յուրացումից, մինչեւ վարչակազմի ղեկավարի կարգադրություններին չենթարկվելը: Այս ընթացքում, ըստ տնօրենի,  նախկին ոստիկան Սուրեն Խաչատրյանի ցուցումով ոստիկանությունը եւ վարչակազմի աշխատակիցները բազմիցս ստուգայցեր են կատարել դպրոց:

««Հայաստան» համահայկական հիմնադրամը դպրոցին «Մերսեդես Սպրինտեր» մեքենա է նվիրել: Մի օր վարչակազմի աշխատակազմից զանգեցին եւ կարգադրեցին, որ մեքենան որոշ ժամանակով տրամադրեմ իրենց՝ ինչ-որ տեղ գնալու համար: Ես չհրաժարվեցի՝ առաջարկելով միայն, որ դա փաստաթղթային ձեւակերպում ունենա: Վարչակազմի ղեկավարն, իմ «հանդգնությունից» վրդովված, կանչեց իր մոտ ու կարգադրեց, որ ազատման դիմում գրեմ», — պատմում է Գոռ Մանուկյանը: Նրա խոսքով, երբ ինքը վարչակազմի ղեկավարին առարկել է՝ ասելով, որ աշխատանքից ազատվելու հիմքեր չի տեսնում, Սուրեն Խաչատրյանը սկսել է պարբերաբար տարբեր, երբեմն՝ զավեշտալի առիթներ գտնել՝  իրեն նկատողություն հայտնելու  եւ պաշտոնանկ անելու համար:

«Պետք է գնայի Քարվաճառ՝ գործուղման: Քանի որ դա բխում է իմ պաշտոնական պարտականություններից, ես պարտավոր չեմ դրա համար հատուկ թույլտվություն խնդրել վարչակազմից, ընդամենը կարող եմ գրավոր կարգով տեղյակ պահել: Բայց պարոն Խաչատրյանը, հավանաբար իր անձնական ամբիցիաներով առաջնորդելով, իր իշխանությունն ընդգծելու համար, ինձնից պահանջեց զեկուցագիր ներկայացնել՝ գործուղման գնալու թույլտվության խնդրանքով: Ես գրեցի զեկուցագիրը եւ գնացի Քարվաճառ: Վերադառնալուց հետո պարզեցի, որ աշխատանքից անհարգելի բացակայության պատճառով նկատողություն եմ ստացել», — պատմում է Գոռ Մանուկյանը: Մեկ ուրիշ անգամ, իր եւ իր գործընկերների ջանքերով նա պատրաստվում էր դպրոցի սաներին տանել Ջավախք՝ համերգ տալու: «Իրենից (Սուրեն Խաչատրյանից-խմբ.) ոչ մի բան չենք պահանջել, ոչ փոխադրամիջոց, ոչ վառելիք, ոչ ֆինանս: Ուղղակի պետք էր, որ իր թույլտվությունը լիներ կամ գոնե՝ բանավոր ասեր՝ «բարի ճանապարհ»: 20 երեխա իրենց ծնողների հետ միասին նոտարական գրասենյակում սպասում էին, որ փաստաթղթերը ձեւակերպեն, իսկ ես վարչակազմում ղեկավարի ընդունելությանն էի սպասում, որին այդպես էլ չարժանացա», — նշում է դպրոցի տնօրենը: Նրա խոսքով՝ Խաչատրյանը հրահրում էր իրեն, որ առանց իր թույլտվության մեկնի Ջավախք՝ դրանով իսկ «անհնազանդության» մեջ մեղադրելու առիթ ստեղծելով: «Կամ՝ չգնայինք Ջավախք, այնտեղից դժգոհություն հայտնեին մեր անլուրջ վերաբերմունքի համար, ու կրկին ես սխալ դուրս գայի»,- շարունակում է Մանուկյանը:

Ինչ վերաբերում է «պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների վատնման» գործին, ապա, ըստ Մանուկյանի, դրանում էլ, վստահաբար, Սուրեն Խաչատրյանի «ձեռագիրն» է նկատվում: Նախ, նրա խոսքով՝ գործի շրջանակներում հետաքննություն է իրականացնում Դավիթ Խաչատրյան անունով մի ոստիկան, որը Սուրեն Խաչատրյանի մերձավոր ազգականն է:

«Երբ ոստիկանն ապրիլին եկավ փաստաթղթեր պահանջելու, ես խնդրեցի առգրավման հիմքերը հաստատող գրությունը ներկայացնել: Նա ասաց, որ կներկայացնի մի քանի օր անց: Ես, հավատալով, տվեցի բոլոր պահանջված թղթերը, մատյանները, բայց մի քանի օր անց ինձ ներկայացված գրության մեջ պարզեցի, որ այդ փաստաթղթերը տրամադրելու պարտավորություն չունեմ:  Երբ այդ մասին ասացի Դավիթ Խաչատրյանին, ասաց՝ «ուզում ես, դրանք էլ սարքենք»: Այսինքն՝ հաստատեց, որ ինչ ուզեն՝ կարող են սարքել», — պատմեց Գոռ Մանուկյանը: Նա այժմ գտնվում է Երեւանում եւ փորձում է պաշտպանվել փաստաբանների օգնությամբ:

Գոռ Մանուկյանն այս ամենի պատճառով արդեն անցյալ տարվանից Երեւան է տեղափոխել ընտանիքը, սակայն ասում է, որ մտադրություն չունի լքել Քաշաթաղը:  Նա նաեւ իշխանությունների ուշադրությունն է հրավիրում դպրոցի շուրջ ստեղծված խնդրի վրա` նշելով, որ նման քաղաքականությունը կարող է վանել վերաբնակիչներին:

iLur.am-ը փորձեց այս ամենի վերաբերյալ ստանալ նաեւ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի մեկնաբանությունը: Սուրեն Խաչատրյանը, սակայն, հեռախոսազրույցի ժամանակ տեղեկանալով, որ խոսում է լրագրողի հետ, առանց հարցի էությանը ծանոթանալու՝ հայտարարեց, որ մեկնաբանություններ չունի: 

Նախորդ հոդվածը‘Բուդաղյանների փաստաբանի միջնորդությամբ կրկնակի փորձաքննություն կիրականացվի’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր կետագծի այս ու այն կողմերը’