‘Քառյակը հրապարակեց 12 պահանջները (Տեսանյութ)’

3417

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական և տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը:

Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության և խորհրդարանի մասնակցությամբ:

Քառյակն արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումներն արդեն իսկ արդյունքներ են տվել: Ազգային Ժողովը իշխանության և ընդդիմության միջև հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել: Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ: Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ողղված համատեղ ջանքերը:

Միևնույն ժամանակ իշխանության քայլերը և նոր կառավարության ծրագիրը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին:

Ստեղծված իրավիճակում քառյակը համոզված է, որ արտագաղթը և տնտեսական անկումը կասեցնելու, սեփական պետության նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնելու, հիմնարար փոփոխությունների գործընթաց սկսելու նպատակով ահնրաժեշտ են անհապաղ միջոցառումներ: 

Ելնելով վերոհիշյալից՝ քառյակը իշխանություններին ներկայացնում է հետևյալ առաջնահերթ  պահանջները՝ ակնկալելով, որ դրանք պետք է կատարվեն մինչև 2014 թվականի սեպտեմբերի վերջը.

  1. Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշումը: Նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման և կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով:
  2. Վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի  գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն  75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը:
  3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն. դրամից դարձնել 150 մլն. դրամ, արտոնագրային վճարների գծով սահմանված 9 մլն. դրամը՝ 15 մլն. դրամ: Հանել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը:
  4.  Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:
  5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն. դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով:
  6. Հաստատել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը: Ձևավորել «Նաիրիտի» անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
  7. Բացառել «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի գույքի վաճառքը (մասնավորեցումը) առանց Ազգային ժողովի հավանության:
  8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը: Հաստատել մատչելի, անվտանգ ու որակյալ հանրային տրանսպորտի ենթակառուցվածքի միասնական համակարգ:
  9. Ընդունել ձևավորված փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու և ազատ տնտեսական գործունեություն երաշխավորելու մեխանիզմներ ներառող օրենսդրական փաթեթ:
  10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաև ընտրությունների ավարտից  անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն ընտրատեղամասերում և երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի որոնման և ներբեռնման հնարավորությամբ, տեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում: 
  11. Ապահովել ընդդիմության  մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողության գործառույթներով:
  12. Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:

Գիտակցելով, որ հիմնարար փոփոխությունների միակ երաշխավորը ժողովուրդն է, քառյակը աշնանը, Ազատության հրապարակում,  կհրավիրի Հայաստանի քաղաքացիների համապետական հանրահավաք, որտեղ կամփոփվի պահանջների կատարումը և կորոշվեն հետագա համատեղ գործողությունները:

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

«Ժառանգություն» խմբակցություն

«Հայ ազգային կոնգրես» խմբակցություն

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

10 հունիսի 2014թ.

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կառավարության կազմում բիզնեսմեն-նախարարների հայտնվելը վնասել է ներդրումներին ‘
Հաջորդ հոդվածը‘Դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր’