‘Քեմերոնը հույս ունի, որ Բրիտանիան երբևէ ասիական ծագումով վարչապետ կունենա’

1379

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հույս ունի, որ երբևէ երկրի կառավարությունը կղեկավարի ասիական ծագում ունեցող քաղաքական գործիչ: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի՝ շնորհավորելով մշակույթի նախարար Սաջիդ Ջավիդին, ով ճանաչվել է ասիական արմատներ ունեցող ամենաազդեցիկ բրիտանացին: Դրա տակ Միացյալ Թագավորությունում հասկանում են երկրի այն բնակիչներին, ովքեր արմատներով բրիտանական նախկին գաղութներից են (Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Շրի-Լանկա):

Ջավիդը ծնվել է 1969 թ. Անգլիայում, պակիստանցի ներգաղթյալների ընտանիքում: Մինչ 2009 թ. պահպանողական կուսակցության կողմից խորհրդարան մտնելը՝ նա «Չեյզ Մանհեթեն բանկի» փոխնախագահն էր և «Դոյչե բանկի» կառավարիչ տնօրենը:

Չորեքշաբթի Քեմերոնը ելույթ է ունեցել ամենամյա մրցանակների հանձնման արարողության ժամանակ, որը շնորհվում է տարբեր ոլորտներում հաջողությունների հասած, ասիական ծագմամբ բրիտանացիներին: «Ես անսահման երջանիկ եմ, որ ազդեցիկության մեր ցուցակում առաջին տեղն զբաղեցնում է Սաջիդ Ջավիդը՝ տաղանդավոր մարդ, որին ես խնդրել եմ աշխատել իմ կառավարության կազմում,- ասել է վարչապետը և հավելել:-Եւ այո, ես ցանկանում եմ «վարչապետ» դիմումը լսել, երբ դրան կհաջորդի ասիական ծագմամբ բրիտանացու անուն: Դե, իհարկե, ո՛չ միանգամից՝ եթե դեմ չեք»,- կատակել է Քեմերոնը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում գործ են հարուցել ռուսաստանցի գործարար Գենադի Տիմչենկոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Աղետն արդեն կայացած իրողություն է. «Ժողովուրդ»’