‘Քեմերոնը ՆԱՏՕ-ին առաջարկում է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները’

649

ՆԱՏՕ-ն պետք է վերանայի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ի պատասխան Ուկրաինայում նրա գործողությունների, կարծում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Փոխանցում է BBC News-ը:

ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդներին ուղղված նամակում ասվում է, որ Ռուսաստանը խախտել է բոլոր կանոնները՝ իրեն միացնելով Ղրիմը: Քեմերոնը նաև կրկնել է բոլոր նախկին մեղադրանքները Մոսկվայի հասցեին՝ Ուկրաինայի հարավ-արևելքում աշխարհազորայիններին զենք մատակարարելու վերաբերյալ: Վարչապետը, դիմելով  Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի է ունենալու սեպտեմբերին Ուելսում, քննադատության է ենթարկել նաև մալայզիական օդանավի աղետից հետո ռուսաստանյան իշխանությունների պահվածքը:

Մոսկվան հերքում է անջատականներին սպառազինելու մեղադրանքը և ավելի վաղ էլ հերքել է մարդատար օդանավի կործանման հետ կապված բոլոր մեղադրանքներն իր հասցեին:

Քեմերոնի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն պետք է պայմանավորվի «ռուսաստանյան ագրեսիայի» դեմ նոր միջոցներ ձեռք առնելու, որոնք կհանգստացնեն իրենց երկրների անվտանգության համար անհանգստացող դաշնակից երկրներին:

Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ ապրիլին է հայտարարել Ռուսաստանի հետամեն տեսակի քաղաքացիական և ռազմական համագործակցության դադարեցման մասին՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ: Այժմ Քեմերոնը կոչ է անում գնալ ավելի հեռուն: Կոնկրետ միջոցառումների թվում նշվում է ՆԱՏՕ-ի զորավարժությունների և արագ արձագանքման ուժերի (որոնց առավելագույն քանակն այս պահին սահմանափակվում է 25 հազարով) նոր ժամանակացույց սահմանելը:

Ապրիլի կեսերին ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են ռազմական միջոցառումների փաթեթը՝ ի պատասխան ուկրաինական ճգնաժամի: Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքով՝ դա նախատեսում է « ավելի շատ օդանավեր երկնքում, ավելի շատ նավեր ծովում և ավելի մեծ պատրաստություն ցամաքում»: Մասնավորապես, բալթյան տարածաշրջանում պարեկող օդանավերն ավելի շատ թռիչքներ կկատարեն, իսկ Բալթիկ ծով և Միջերկրականի արևելք կուղարկվեն դաշինքի նավեր: Ընդ որում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն առայժմ որոշում չի կայացրել Բալթյան երկրներում մշտական ռազմակայաններ ստեղծելու վերաբերյալ: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ պաշտպանության նախարարը՝ շփման գծում տիրող իրավիճակի մասին. ԳԱԼԱ’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլի. «Վրաստանը վերածել են Ադրբեջանի դեմ սադրանքների ռուսաստանյան հրաձգարանի»’