‘
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ չորեքշաբթի պաշտոնապես թագուհուն կհանձնի իր հրաժարականի դիմումը, և հույս ունի, որ նույն օրվա երեկոյան նոր վարչապետը կարող է անցնել իր պարտականությունների կատարմանը:
Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնի համար միակ թեկնածուն մնացել է ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը: Նրա միակ մրցակիցը՝ Անդրեա Լեդսոմը, այդ օրը հրաժարվել է շարունակել պայքարը Պահպանողական կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնների համար:
Նախապես ենթադրվում էր, որ կուսակցության առաջնորդի ընտրարշավը կշարունակվի մինչև սեպտեմբերի վերջը, և առաջնորդը կընտրվի կուսակցության անդամների քվեարկության արդյունքում: Սակայն երկուշաբթի Անդրեա Լեդսոմը հրաժարվեց պայքարից՝ ընդգծելով, որ կուսակցությանը շտապ առաջնորդ է պետք, և երկրին էլ՝ վարչապետ, ուստի «ևս ինը շաբաթ ընտրարշավ անցկացնելն անցանկալի է»: Քեմերոնը ողջունել է նրա այդ որոշումը և իր հաջորդին բնորոշել որպես «ուժեղ և իրազեկ» մարդ, որն «ավելի քան ընդունակ է առաջնորդ լինելու»:
Երկուշաբթի օրը թորիների հատուկ հանձնաժողովը, որ կազմված է 18 հոգուց և կրում է «Հանձնաժողով 1922» անունը (ստեղծվել է 1922 թ. համապետական ընտրություններից հետո) պաշտոնապես հայտարարել է, որ Թերեզա Մեյն ընտրվել է Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում:
Փոխանցում է BBC-ն:
‘