‘
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ակնարկել է, որ պատրաստ է հասարակական շարժում սկսել հօգուտ նրա, որ թագավորությունը լքի Եվրամիությունը, եթե իր կառավարությանը չհաջողվի վերանայել հարաբերությունները Բրյուսելի հետ: Այդ մասին հաղորդել է The Telegraph-ը:
Սպասվում է, որ վարչապետն իր տեսակետը կշարադրի Բիրմինգհեմում այս շաբաթ կայանալիք Պահպանողական կուսակցության համաժողովում: Քեմերոնի կարծիքով՝ Եվրամիությունը պետք է Մեծ Բրիտանիային տրամադրի ավելի շատ լիազորություններ, այդ թվում՝ ԵՄ մյուս երկրներից ներգաղթը սահմանափակելու ոլորտում: Ներկայումս Եվրամիության բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն, առանց խոչընդոտների, ապրել և աշխատել Մեծ Բրիտանիայում:
«Ես այս աշխատանքն անում եմ, քանի որ սիրում եմ իմ երկիրը, անհանգստանում եմ նրա ապագայի համար, ես ուզում եմ, որ նա լինի ուժեղ, հպարտ, անկախ և ինքնիշխան պետություն»,- հայտարարել է Քեմերոնը: Փոխանցում է lenta.ru-ն:
‘