‘
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանին կոչ է արել հանձնել ԿՀՎ-ի նախկին աշխատակից, գաղտնի տեղեկատվության հարապարակման մեջ մեղադրվող Էդուարդ Սնոուդենին: Քերին Մոսկվային հորդորել է հանդարտություն դրսևորել՝ նշելով, որ Վաշինգտոնը չի ձգտում հակամարտության, հաղորդում է France-Presse գործակալությունը: Քերին նշել է, թե հույս ունի, որ Մոսկվայի շահերից չի բխում փախստականին օգնել թաքնվել արդարադատությունից: Ըստ Քերիի՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանն իսկապես չունեն պայմանագիր արտահանձնման վերաբերյալ, ինչը նշել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրորվը, սակայն նա կրկին հիշեցրել է, որ չնայած նման պայմանագրի բացակայությանը՝ վերջին երկու տարիներին ԱՄՆ-ը Ռուսաստանին է հանձնել յոթ հոգու:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան կապ չունի Սնոուդենի և աշխարհով մեկ նրա տեղաշարժի հետ: ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից որոնվող ԿՀՎ նախկին աշխատակիցը չի հատել Ռուսաստանի սահմանը, փոխանցում է lenta.ru-ն:
‘