Քիշնևում ցրվել է բողոքի ցույցը

342

Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը Քիշնևի կենտրոնում ուժի կիրառմամբ բողոքի ակցիան ցրելու համար երկրի նախագահ Մայա Սանդուին դիկտատուրա հաստատելու մեղադրանք է ներկայացրել։

«Սանդուի պահանջները՝ խստացնել հավաքների մասին օրենքը, արտակարգ իրավիճակների հանձնաժողովի որոշումները ոչ այլ ինչ են, քան հակաժողովրդական գործողություններ, երկիրը դիկտատուրայի ռեժիմ գլորելու և այլակարծության դեմ պայքարելու քողարկում»,- ասվում է կուսակցության՝ երկուշաբթի տարածված հայտարարության մեջ։

Կուսակցությունը դատապարտել է նախագահին, և հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև Եվրախորհրդին կոչ է արել նույնպես դատապարտել իշխանությունների գործողությունները։

Կիրակի օրը հատուկ նշանակության ջոկատի անդամները ուժի կիրառմամբ ապամոնտաժել են բոլոր 350 վրանները, որոնք սեպտեմբերի 17-ից դրվել էին խորհրդարանի և նախագահի նստավայրի միջև հրապարակում։ Ոստիկանության ուժային գործողություններից ահաբեկված ցուցարարները հրապարակը լքել են առանց դիմադրություն ցույց տալու։

Բողոքի ակցիաները Մոլդովայում սկսվել են ամռանը և տեղի են ունեցել երկրի տարբեր շրջաններում։ Ցուցարարները իշխանություններին մեղադրում են տնտեսական ճգնաժամը հաղթահարելու անկարողության համար։ Եվրոպամետ իշխանություններին նաև քննադատում են այն բանի համար, որ նրանք չեն ուզում բանակցել Ռուսաստանի հետ ավելի ձեռնտու գներով գազ ձեռք բերելու վերաբերյալ և ճնշում են ընդդիմության ներկայացուցիչներին՝ ձերբակալելով ընդդիմության առաջնորդներին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԾովային հակամարտության հավանականությունը մեծ է
Հաջորդ հոդվածըWTA-500․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ կիսաեզրափակիչ