Միջազգային հարաբերությունների ամերիկացի երևելի տեսաբան Հենրի Քիսինջերը վերանայել է իր հայացքներն Ուկրաինայի և Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների վերաբերյալ։
Քիսինջերը, որ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը, պատերազմի սկզբում քննադատության էր ենթարկվել նրա համա, որ հանդես էր եկել Ռուսաստանին զիջումներ անելու և նույնիսկ Ուկրաինայի «ֆինլանդայնացման» օգտին (սառը պատերազմի ժամանակ Ֆինլանդիայի քաղաքականության նմանությամբ, երբ այդ երկիրը ոչ ՆԱՏՕ էր մտել, ոչ էլ Եվրամիությանը նախորդած այլ կառույցներ)։
Վերջին հրապարակման մեջ, սակայն, 99-ամյա քաղաքական գործիչը գրում է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ խնդիրներն արդեն ակտուալ չեն։ «Ուկրաինան ձեռք է բերել Եվրոպայի ամենախոշոր և առավելագույնս արդյունավետ ցամաքային բանակը, որ համալրել են Ամերիկան ու նրա դաշնակիցները։ Խաղաղ գործընթացը պետք է Ուկրաինան կապի ՆԱՏՕ-ի հետ, ինչպես էլ որ դա արտահայտվի։ Չեզոքության տեսքով այլընտրանքն արդեն իմաստ չունի, հատկապես՝ երբ Ֆինլանդիան և Շվեդիան մտան ՆԱՏՕ»,- գրել է Քիսինջերը։
Միաժամանակ՝ Քիսինջերը կրկին կոչ է անում բանակցել Ռուսաստանի հետ կրակի դադարեցման շուրջ։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը կարող է նահանջել մինչև փետրվարի 24-ը եղած գիծը։ Նա համաձայն չէ, որ պատերազմի նպատակը պետք է դառնա Ռուսաստանի արմատական ռազմական թուլացումը, քանի որ դա ոչ միայն ռեալ չէ, այլև ցանկալի չէ, որովհետև կարող է հանգեցնել փլուզման, քաոսի և վակուումի նախկին միջուկային տերության տեղում։
Քիսինջերի հրապարակմանն արձագանքել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը» «Նույնիսկ տասն ամիս պատերազմից հետո Քիսինջերն այդպես էլ ոչինչ չի հասկացել։ Սատանայի հետ ցանկացած պայմանագիր՝ «վատ խաղաղություն»՝ Ուկրաինայի տարածքների հաշվին, կդառնա Պուտինի հաղթանակը և հաջողության դեղատոմս ամբողջ աշխարհի ավտոկրատների համար»,- շեշտել է Պոդոլյակը։
Փոխանցում է BBC-ն։
