‘Քիսինջեր. Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելն անարդյունավետ է’

1364

 Ուկրաինայի իրավիճակի հետ կապված՝ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների լարվածությունը նոր սառը պատերազմի սպառնալիք է պարունակում, որն անտեսելը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել, Der Spiegel-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելն անարդյունավետ է և ապագայում կարող է այնպիսի իրավիճակի բերել, երբ խոշոր տերությունները կաշխատեն պաշտպանական միջոցների դիմել և ավելի մեծացնել իրենց շուկաների վերահսկողությունը: Թե դա ինչպես կանդրադառնա համաշխարհային տնտեսության վրա՝ դժվար է կանխատեսել, ասել է նախկին պետքարտուղարը:

Քիսինջերը նաև Գերմանիային կոչ է արել նախաձեռնություններով ավելի շատ հանդես գալ արտաքին քաղաքականության ասպարեզում: «Գերմանիան հիմա Եվրոպայում ամենակարևոր պետությունն է և պետք է ավելի ակտիվ դրսևորի իրեն»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Քիսինջերը պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրել է1970-ական թթ.: Նա ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների լիցքաթափման քաղաքականության հեղինակներից մեկն է: Վերջին տասնամյակներին Քիսինջերը ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերով ամենաազդեցիկ փորձագետներից մեկն է: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին’
Հաջորդ հոդվածը‘Պեսկով. ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինն ու Օբաման ողջունել են միմյանց, բայց չեն զրուցել’