‘Քլինթոնը և Դեմոկրատական կուսակցությունը վարձատրել են Թրամփի վերաբերյալ «ռուսական դոսիեն»’

2097

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոգևորությամբ կառչել է այն նորությանը, թե Ռուսաստանի հետ իր կապերի վերաբերյալ հետաքննության հիմքում ընկած դոսիեն ֆինանսավորել է Հիլարի Քլինթոնը:

Ինչ-որ տեսագրության մասին անհիմն պնդումները, որում, իբր, Թրամփն է՝ Մոսկվայի մի հյուրանոցում, պոռնիկներով շրջապատված, ի հայտ եկան 2016 թ. նախագահական մրցապայքարի ավարտական փուլում: Վարկաբեկիչ նյութերի հավաքածուն, ինչպես հաղորդվում է, ֆինանսավորել են Քլինթոնի շտաբը և Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն:

«Տվյալ դեպքում՝ զոհը նախագահն է,- իր Twitter-ում գրել է Թրամփը:- Հիլարի Քլինթոնը միշտ հերքել է դա, Դեմոկրատական կուսակցությունը՝ նույնպես: Կարծում եմ՝ դա ամոթալի է: Դա ցավալի կերպով արտացոլում է այն, թե մեր երկրում ինչ կերպ են քաղաքականություն անում»:

Դալլաս մեկնելուց առաջ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է. «Չափազանց տխուր է այն, ինչ նրանք արեցին այդ կեղծ դոսիեով: Այն ծայրից ծայր հորինված էր, և ես այնպես եմ հասկանում, որ նրանք դրա համար հսկայական գումարներ են ծախսել»:

Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը Twitter-ում գրառել է. «Իսկական սկանդալ Ռուսաստանի հե՞տ: Քլինթոնի շտաբը վճարել է ռուսական դոսիեի համար, հետո էլ ստել է ու փորձել թաքցնել դա»:

Միջազգային առաջատար լրատվամիջոցները հրաժարվել են հրապարակել դոսիեն կամ վերապատմել դրա բովանդակությունը՝ հայտարարելով, որ դրա մի մասը ոչ հավաստի տեղեկություններ է պարունակում, իսկ մյուս մասերն էլ ստուգման ենթակա չեն:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ ԱԱ-2018. «Իսլամական պետությունը» սպառնում է արյունով արտասվող Մեսիով ‘
Հաջորդ հոդվածը‘ՔԿ-ն պարզել է «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայության անշարժ հենակետը հրկիզած անձանց ինքնությունը’