‘
Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի տարածքում, հրդեհի բռնկման պատճառը պարզվել է: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի խոտածածկ տարածքներում հրդեհը բռնկվել է օգոստոսի 10-ին, ինչը հետագա օրերին տարածվել է՝ ներառելով Սարավանի անտառպետության որոշ տարածքներ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անսարք ավտոմեքենայի շահագործման ժամանակ խլացուցչից արտանետված բոցերի հետևանքով։ Նախնական տվյալներով, Արտավանի բնակիչը շուրջ մեկ ամիս անսարք վիճակում գտնվող «ՎԱԶ 21011» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով գնացել է նույն համայնքի խոտհարքի տարածք։ Վերելք բարձրանալու համար արագություն հավաքելու նպատակով ինտենսիվորեն սեղմել է գազի ոտնակը, ինչի հետևանքով ավտոմեքենայի անսարք խլացուցչից արտանետվել են բոցեր, և հրդեհ է բռնկվել: Արդյունքում՝ այրվել է «1-ին բրիգադ» կոչվող խոտհարքի տարածքը, ապա հրդեհը տարածվել է՝ ներառելով Զառիթափ համայնքի խոտհարքների մի մասն ու հարակից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի Սարավանի անտառպետության տարածքի 300 հա տարածքը:
‘