‘ՔԿ նախագահը հանձնարարել է ուսումնասիրել տարիներ առաջ կատարված եւ չբացահայտված առանձնապես ծանր հանցագործությունները ‘

1702

ՀՀ քննչական կոմիտեն փոխանցում է, որ ՔԿ-ում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, որի ընթացքում ՔԿ ղեկավարը հայատարարել է, որ այսօր ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի թիվն աննախադեպ շատ է և դեռ ավելանալու միտում կա։

«Ամեն օր ստանում ենք տասնյակ դիմումներ քաղաքացիների կողմից՝ առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով կատարված հանցագործությունների վերաբերյալ և պարտավոր ենք մոբիլիզացնել մեր հնարավորություններն ու յուրաքանչյուր դեպքով ողջամիտ ժամկետներում ապահովել բազմակողմանի և օբյեկտիվ քննության իրականացումը»,- ասել է ՔԿ նախագահը։

Ըստ ՔԿ-ի, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում հարուցված քրեական գործերը մեծամասամբ վերաբերում են տնտեսական բնույթի հանցագործություններին, կոռուպցիոն դրսևորումների միջոցով պետական բյուջեից կատարված բազմադրվագ հափշտակություններին։

«Միայն մեկ քրեական գործի շրջանակներում առգրավված փաստաթղթերը հասնում են մի քանի տասնյակ հազարի, որոնք քննության առարկա են, բայց այդ քրեական գործերի քննությունը չի կարող տևել տարիներ։ Յուրաքանչյուր գործով պետք է ապահովվի մինչդատական վարույթի պատշաճ իրականացումը՝ ողջամիտ ժամկետներում։ Հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է կարողանանք պարզել առերևույթ չարաշահումների, հափշտակությունների իրական հանգամանքները, հիմնավորվելու դեպքում՝ պետությանը պատճառված վնասի իրական ծավալները, առնչություն ունեցած, հնարավոր կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց շրջանակը և նրանց գործողություններին տանք համարժեք իրավական գնահատականներ»,- նշել է ՔԿ նախագահը՝ հանձնարարելով վարչությանն իր գիտական ներուժն օգտագործել քննիչներին գործնական աջակցություն ցուցաբերելու հարցում։

Գրիգորյանը միաժամանակ հանձնարարել է նաեւ վարչությանը ուսումնասիրել ոչ ակներևության պայմաններում տարիներ առաջ կատարված առանձնապես ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ սպանությունների դեպքերի առթիվ հարուցված և չբացահայտված քրեական գործերը, ապացույցները վերստին դարձնել հետազոտման առարկա՝ օգտագործելով փորձագիտական կենտրոնի ժամանակակից հնարավորությունները։

ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիների ընթացքում բավական զարգացել են տեխնիկական հնարավորությունները, և այդ ներուժը պետք է օգտագործել՝ կատարված սպանությունները բացահայտելու համար։

Նախորդ հոդվածը‘Մոդրիչը վերջնական պատասխան է տվել «Ինտեր»-ին’
Հաջորդ հոդվածը‘Բալայան. Այս գործընթացները փոխկապակցված չեն ՀՀ արտաքին քաղաքականության հետ եւ չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան’