‘
Ինչպես արդեն հաղորդել ենք` հոկտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանը Բելառուսի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում` Մինսկում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:
Եւ ահա Բելառուսական ОНТ հեռուստաալիքը տարածել է այդ նիստի մասին պատմող մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը, ի տարբերություն նիստին մասնակցող մյուս գործիչների, քնել` կլոր սեղանի մոտ:
Եթե մոտիկ պլանից դեռ ձեզ մոտ կասկածներ են առաջանում, ուշադրություն դարձրեք հաջորդող` ընդհանուր պլանին, որտեղ քնած լինելու վարկածը հաստատվում է:
Բայց արի ու տես, որ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը բոլորովին այլ կարծիքի է: Նա անգամ այդ կարծիքը հրապարակելու համար գրանցվել է Twitter սոցիալական ցանցում: Իր առաջին «թվիթում» Արման Սաղաթելյանը գրում է. «Շրջանառվող կադրում նախագահն (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) ընթերցում է՝ մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է»:
Շրջանառվող կադրում նախագահն ընթերցում է՝ մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է:
— Arman Saghatelyan (@spokesman_am) October 28, 2013
Նշենք սակայն, որ ընթերցելու համար Սերժ Սարգսյանը չի օգտվում իր առջև դրված սեղանից, այլ, չգիտես ինչու, ըստ խոսնակի` ընթերացանության առարկան դրել է ծնկներին: Հավելենք նաև, որ մյուս օպերատորական դիտանկյունից նույնպես երևում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը ննջում:
Սոցիալական ցանցերում արդեն բուռն քննարկման առարկա է դարձել Սաղաթելյանի պարզաբանումը: Օգտատերերը հավաստի չեն համարում խոսնակի բացատրությունը և պնդում են այն տեսակետը, որ Սերժ Սարգսյանը ննջում էր:
Օրինակ, Արեգնազ Մանուկյանը գրում է.
«Հետո էլ ասում ենք Սերժը շնորհք չունի։ Տեսա՞ք, որ ունի։ Ֆենոմենալ մարդ, ով կարողանում է քնած ժամանակ գիրք կարդալ։ Իսկ օպերատորը պետք է այնքան պրոֆեսիոնալիզմ ունենար, որ կարողանար քնած Սերժ Սարգսյանին արթուն ցույց տալ»:
Սաղաթելյանի վարկածը հերքել է նաև ՀՀԿ մամուլի խոսնակ Է.Շարմազանովը, որից Yerkir.am-ը հետաքրքրվել է` հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի համար ձանձրալի են ՄՄ քննարկումներն ու բանակցությունները, որ աչքերը վերեւ չի բարձացնում:
«Սխալ կադրեր եք նայել, նախագահը (նույնպես նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.)պարզապես ուշադիր լսում էր»,- հայտարարել է Շարմազանովը:
‘