‘Քննիչը կալանավորվել է կաշառք ստանալու համար. Կաշառք տվողի հանդեպ նույնպես քրգործ է հարուցվել’

1443

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչ Շ. Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ, 2-րդ կետերով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղյակ լինելով նույն բաժնի քննիչի վարույթում քննվող քրեական գործով իր ծանոթ, ՀՀ ՊՆ N X զորամասի պայմանագրային զինծառայող, ենթասպա Ն. Ա.-ին որպես մեղադրյալ ներգրավելու և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու մասին, ենթադրաբար կանխատեսել է, որ վերջինիս նկատմամբ դատարանը հավանաբար նշանակելու է ազատազրկման հետ չկապված պատիժ կամ պատիժը պայմանականորեն չի կիրառելու, որոշել է, իբր, այդ հարցում աջակցելու պատրվակով խաբեությամբ հափշտակել նրա` խոշոր չափերի հասնող գումարը:

Շ. Հ.-ն, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Ն. Ա.-ին կեղծ խոստումներ է տվել աջակցել նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու կամ հակառակ դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում` միաժամանակ քաջ գիտակցելով, որ խոստումը կատարելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկելու: Քննիչը Ն. Ա.-ին դրդել է նշված քրեական գործով դատարանում մեղադրանք պաշտպանող ՀՀ զինվորական դատախազության դատախազին փոխանցելու նպատակով իրեն որպես միջնորդի տալ 800 հազ. ՀՀ դրամին համարժեք 2 հազ. ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետև` 2014թ. հոկտեմբերի 7-ին, Շ. Հ.-ն 800 հազ. ՀՀ դրամը, խաբեությամբ ստանալով, խարդախությամբ հափշտակել է:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ն. Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարված հանցանքի համար իր նկատմամբ հետագայում դատարանի կողմից ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու կամ ազատազրկում նշանակելու պարագայում պատժի կրումից ազատելու հարցում իրեն աջակցելու, լիազորությունների շրջանակում իր օգտին համապատասխան գործողություններ կատարելու համար նշված քրեական գործով դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազին խոշոր չափերի հասնող կաշառք տալու նպատակով նույն քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շ. Հ.-ի դրդչությամբ 2014թ. հոկտեմբերի 7-ին նրան է փոխանցել 800 հազ. ՀՀ դրամ կաշառք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ դարձել է Շ. Հ.-ի կողմից նախապես ծրագրված խարդախության զոհ, ով կաշառքի գումարը խաբեությամբ հափշտակել է:

Շ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Մառախուղը փակել է «Զվարթնոց» օդանավակայանը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» և «0լիմպիակոսը» շնորհակալ են Աբիդալին (տեսանյութ)’