‘Քննչական կոմիտեն Պերմյակովի սակավատմության վերաբերյալ տվյալներ չունի’

678

Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների և մեղադրյալ Վալերի Պերմյակովի՝ ՌԴ-ում միմյանց հետ առնչություն ունենալու հավանական վարկածը ստուգելու համար քննչական կոմիտեն պարզել է,  որ Սերյոժա և Արմեն Ավետիսյանները պարբերաբար մեկնել են ՌԴ, մասնավորապես՝ Մոսկվա, Կրասնոդար, Անապա, Սոչի և Ռոստով քաղաքներ: Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հիշյալ վարկածի ստուգման ուղղությամբ քննչական և օպերատիվ աշխատանքները շարունակվում են:

Բացի այդ, Վալերի Պերմյակովի հնարավոր երթուղին ճշտելու նպատակով դեռևս 2015թ. հունվարի 12-ին հետախույզ շների օգտագործմամբ կատարված գործողություններն առավել մանրամասնելու նպատակով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման շնավարժների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչների կողմից կատարվել է զննություն, կազմվել է հավանական երթուղու սխեմա:

Այս գործողության արդյունքները համեմատվում են Վալերի Պերմյակովի մոտ հայտնաբերված հեռախոսահամարների վերծանումների և տարածքն սպասարկող հեռախոսակայանների տվյալների հետ՝ Վալերի Պերմյակովի հնարավոր երթուղին ճշտելու և համընկնումներ հայտնաբերելու նպատակով:

Ինչ վերաբերում է քրեական գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի սակավամտության վերաբերյալ տարածվող լուրերին, ապա, ըստ ՔԿ հաղորդագրության, վարույթն իրականացնող մարմինը նման տվյալների չի տիրապետում, նման տեղեկություններ քրեական գործում չկան։

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցումներ են ուղարկվել Ռուսաստան՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, ծառայության ընթացքում բժշկական հետազոտությունների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար։  

Հիշեցնենք, որ ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պերմյակովը մինչեւ Գյումրի տեղափոխվելը բուժման կուրսեր է անցել հոգեբուժարանում: 

Նախորդ հոդվածը‘Բերեզովսկին ՈՒԵՖԱ-ի ամենահուսալի դարպասապահների հնգյակում է’
Հաջորդ հոդվածը‘Ֆուրնյե. «Իբրահիմովիչը վիրավորել է Ֆրանսիայի առաջնության բոլոր մրցավարներին»’