‘
«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի նշված վերնագրով ուսումնասիրությունը (120 էջ): Գրքում վերլուծվել են Հայաստանի Հանրապետությունում 1999– 2008 թթ.-ին իրականացված տնտեսական քաղաքականությանը բնորոշ գծերը, միտումները, և պետական վիճակագրական փաստացի ու հարուստ տվյալների հիման վրա ցույց են տրվել այդ ժամանակահատվածում իրականացված քաղաքականության ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցության բացասական հետևանքները ՀՀ տնտեսության, դրա առանձին ոլորտների և բնակչության բարեկեցության վրա: Միաժամանակ ներկայացվել են վերլուծություններ, որոնք փաստում են, որ 2008թ.-ից հետո, չնայած կարճաժամկետում արձանագրվեց որոշակի արդյունք, սակայն տնտեսագիտորեն չհիմնավորված, շատերի կողմից ժամանակին խիստ քննադատության արժանացած անհեռանկարային քաղաքականության պատճառով երկիրը ոչ միայն կորցրեց իր ռազմավարական առավելությունները, ոչ միայն չկարողացավ արդյունավետ օգտագործել արտաքին հնարավորությունները, այլև պարզապես մսխեց երկրի զարգացման ներքին ներուժը, որի բացասական ազդեցությունը զգացվում է մինչև օրս:
Անդրադառնալով 1999–2008 թթ. ընթացքում իրականացված սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, հեղինակը հանգել է այն եզրակացության, որ ՀՀ երրորդ հանրապետության երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման տարիներն ավելի շատ հայտնի են որպես ՀՀ-ում մինչ այսօր գործող օլիգարխիկ համակարգի կազմավորման, ձևավորման և կայացման ժամանակահատված, որը հետագայում պատճառ դարձավ ՀՀ բնակչության աղքատացման, գործազրկության բարձր մակարդակի, և որպես հետևանք՝ հսկայական չափերի հասնող բնակչության արտագաղթի:
Գիրքը խմբագրել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նախատեսված է ինչպես մասնագետների, այնպես էլ` ընթերցողների լայն շրջանակի համար:
‘