‘Քսան ձերբակալություն՝ Սի Ձինպինին հրաժարականի կոչ անող նամակի պատճառով’

1479

Չինաստանում 20 մարդ է ձերբակալվել՝ երկրի ղեկավար Սի Ձինպինին հրաժարական տալու կոչ պարունակող նամակի հրապարակումից հետո, պարզել է BBC-ն:

Անանուն նամակը հրապարակվել է մարտին Wujie News կայքում, որը, ըստ լուրերի՝ վերահսկում են չինական իշխանությունները: Թեև նամակը շատ արագ հանել են կայքից, դրա պատճենը կարելի է գտնել համացանցում:

«Թանկագին ընկեր Սի Ձինպին, մենք Կոմունիստական կուսակցության հավատարիմ անդամներ ենք: Մենք այս նամակը գրում ենք, որպեսզի ձեզ խնդրենք հեռանալ կուսակցության բոլոր պաշտոններից և երկրի ղեկավարումից»,- ասվում է նամակում:

Նամակի հրապարակման հետ են կապում նաև չինացի հայտնի լրագրող Ձյա Ձյայի ձերբակալությունը, մինչդեռ նրա ընկերների պնդմամբ՝ լրագրողն ընդամենը զանգահարել է  Wujie News-ի գլխավոր խմբագրին, որպեսզի մի քանի հարց տա կայքում հայտնված նամակի մասին:

BBC-ն կարողացել է զրուցել կայքի անանուն մի աշխատակցի հետ, որը հաղորդել է, որ բացի Ձյա Ձյայից՝ ձերբակալվել է ևս 16 մարդ, այդ թվում՝ կայքի վեց աշխատակիցներ: Իսկ ԱՄՆ-ում բնակվող հայտնի չինացի մի այլախոհ պատմել է, որ այդ նամակի հետ կապված՝ Չինաստանում ձերբակալվել են նաև իր ընտանիքի երեք անդամներ:

Նամակում Սի Ձինպինը մեղադրվում է իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու և դիվանագիտության ու տնտեսության ոլորտներում լուրջ վրիպումներ թույլ տալու, ինչպես նաև խոսքի ազատությունն ավելի ու ավելի սահմանափակելու համար:

Նախորդ հոդվածը‘Բրյուսել. Ձերբակալություններ՝ ոստիկանական շուրջկալից հետո’
Հաջորդ հոդվածը‘Պերմյակովի գործով դատական նիստ. Ուղիղ’