‘
Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների և նույն դատախազության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ ուժ գործադրելու վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ Գոհար Հովհաննիսյանի` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության շրջանակներում առայժմ որևէ անձի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել: Վերը հիշատակված փաստի առթիվ հարուցված քրեական գործով կատարվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն:
Նշենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, և նա որպես մեղադրյալ չի ներգրավվել:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում օրերս քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի դեմ: Ավելին, ինչպես օրաթերթին հայտնի է դարձել Գյումրու իր լավատեղյակ աղբյուրներից, դատախազին նույնիսկ մեղադրանք է առաջադրվել:
‘