Թուրքական «Հաթայսփորի» հարձակվող Քրիստիան Ատսուին, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Չելսիում», մահացած են գտել Թուրքիայի փլատակներից։ Այս մասին հաղորդել է ֆուտբոլիստի գործակալ Մուրաթ Ուզունմեհմեթը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Ատսուի տեղի ու վիճակի մասին ոչինչ հայտնի չէր։ Ավելի վաղ «Հաթայսփորի» ներկայացուցիչներն ասել էին, որ ֆուտբոլիստը ողբերգության նախօրեին պատրաստվել էր լքել թուրքական ակումբը։
Ատսուն 31 տարեկան էր։ Կարիերայի ընթացում Գանայի հավաքականի ֆուտբոլիստը հասցրել էր խաղալ «Չելսիում», «Էվերթոնում», «Նյուքասլում», «Բորնմութում», «Պորտուում», «Մալագայում» և այլ թիմերում։ Թուրքական թիմին նա միացել էր 2022-ի սեպտեմբերին։