‘Քրիստինե Խանումյան. Եւ այնուամենայնիվ, գալու է պատասխան տալու ժամանակը’

5376

Մարտիմեկյան սպանդի չբացահայտման թիվ մեկ պատճառը բոլորիս է հայտնի: Այն գաղտնիք չէ՝ չեն ցանկանում:

Որեւէ մեկն, անշուշտ, չի կարծում, թե հայաստանյան իրավական համակարգան այն աստիճան ամուլ է, որ ցանկության դեպքում չէր բացահայտնի այն, ինչը պետք է որ վաղուց բացահայտված լիներ: Փոխարենն արվում է կոծկում, եւ դա արվում  է մի քանի եղանակով: Եւ դրանք հակառակ համեմատական  են բացահայտման ցանկության մասին իշխանական/ իրավապահների պնդումներին:

Եթե նայենք քրեական գործերը, իրավապահների տարբեր հայտարարությունները, իշխանությունների, մերձիշխանական գործիչների, նրանց կցված ԶԼՄ-ների խոսքերը, ապա հստակ կարելի է կառուցել այն կմախքը, որով փորձ է արվում մոռացության մատնել գործն ու թաղել պատմության անցքերում:

Սխալ «ռելսեր»

Եթե դուք փողոցում քարով հարվածեք մեկի գլխին եւ սպանեք նրան, դա կլինի սպանություն: Եթե փողոցում մեկը զենքով փորձի կրակել ձեր ուղղությամբ, եւ դուք ձեր կյանքը փրկելու համար, քարով հարվածեք նրան, դա կլինի ինքնապաշտպանություն: Եւ եթե գործը հարուցվում է այնպես, որ իրադարձությունները մեկնարկել են քարով հարվածելու պահից, բնական է, որ ճշմարտությունը չպիտի բացահայտվի: Հենց այս ձեւով են մարտիմեկյան սպանդի արդյունքում հարուցվել քրեական գործեր: Այդ գործի մասին առայսօր իրավապահների խոսքերից հստակ երեւում է, որ խնդիրը, նախեւառաջ, մեկնարկային կետն է, ինչի արդյունքում էլ գործերն հարուցվել են սխալ հոդվածներով: Այսինքն, իշխանությունները իրավական առումով ամեն բան ձեւակերպել/ում են այնպես, որ մարտի մեկն ինքնին առանձին՝ հատվածական մի դրվագ է, (այդ պատճառով էլ անընդհատ նշվում է մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձություններ) եւ ոչ թե կոնկրետ գործողության մաս կամ շարունակություն, եւ եթե ընդամենը մեկ դրվագ է, ապա դրանք զանգվածային անկարգություններ են, որոնք ունեն կազմակերպիչներ, մասնակիցներ եւ դրանց արդյունքում եղած զոհեր: Սա է, իշխանության տեսակետից, իրավական մեկնարկային կետը, եւ այս մեկնարկային կետով շարժվելու պարագայում, բնական է, որ երբեք որեւէ իրական բացահայտում չի լինելու:

Եթե գործի մեկնարկը չի սկսվում նախընտրական շրջանից, չի կարեւորում եւ կենտրոնանում նախագահական ընտրությունների քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած հարյուրավոր բռնությունների վրա, եթե անտեսվում է ընտրակեղծարարությունը, այսինքն՝ քաղաքացու ձայնի գողությունը, կեղծումը եւ դրա արդյունքում, որպես բողոքի միջոց, հենց նույն ՍԴ (դեռ) նախագահ Գագիկ Հարությունյանի աշխատություններից մեկում անգամ նշվող՝ քաղաքացու ցույց եւ հանրահավաք անելու իրավունքը, եթե չի խոսվում հետընտրական շրջանում կատարված բռնությունների եւ հանցագործությունների մասին, եթե մարտի մեկը սկսվում է Մյասնիկյանի արձանի մոտից, եւ ոչ թե Ազատության հրապարակից, որտեղ բազմաթիվ ապացուցված տվյալներով, տեղի է ունեցել հավաքի ապօրինի եւ բռնի ցրում, եւ ոչ թե զննություն, ինչպես պնդում էին իրավապահները, եթե այս ամենը չի մատնանշվում որպես նախաբան, ու Մյասնիկյանի արձանի մոտ տասնյակ հազարավոր մարդկանց հավաքվելը՝ որպես տրամաբանական արդյունք, եթե քննության առարկա չի դառնում իշխանությունների գործողությունների օրինականությունը այդ ողջ ընթացքում, եւ հատկապես զինված ուժերի ներգրավումը, արտակարգ դրության ռեժիմի հայտարարման իրավաչափությունը, մինչեւ երեկոյան իշխանությունների գործողությունները, այլ մեկնարկում ենք մարտի մեկի այն պահից, երբ սկսվեցին բուն գործողությունները, ապա բնական է, որ իշխանությունները պիտի ասեն՝ իսկ ի՞նչ է եղել որ, տեղի են ունեցել ցանգվածային անկարգություններ: Օդից, հենց այնպես՝ մարդիկ հայտնվել են այնտեղ, հենց այնպես սկսել են բարիկադներ կառուցել, հենց այնպես է եղել ամեն բան:

Չէ, հենց այնպես չէ, «ինչու» հարցի պատասխանը իշխանությունները տալիս են ոչ թե իրավական դաշտում, այլ իշխանական լալահառաչ քարոզիչների, պատգամավոր պաշտոնյաների ու պալատական պատմաբանների բերանով, բայց այլ՝ բարոյական հարթության մեջ: Բայց այդ մասին՝ քիչ ուշ:

Եւ ուրեմն, քանի դեռ գործերը այլ հոդվածներով չեն հարուցվել, եւ մեկնարկային կետը փոխված չէ, մոռանանք բացահայտման մասին:

Անպատասխան հարցեր

Բայց անգամ սխալ մեկնարկային կետից հարուցված քրեական գործերով կարելի էր քիչ թե շատ բացահայտումներ անել, եթե նորից քաղաքական կամք լիներ: Սա էլ ակնհայտ է: Այլ հարց է, որ այդ պարագայում էլի՛ ամեն ինչ կտաներ ճիշտ մեկնարկային կետին: Ու հենց այդ պատճառով էլ, թերեւս, բազմաթիվ, անգամ շատ ակնհայտ հարցեր, պատասխաններ չունեն:

Իր կարճ գործունեության ընթացքում Փաստահավաք խումբն ավելի շատ բացահայտումներ է արել, քան ողջ իրավապահ համակարգն այս 10 տարիների ընթացքում: Բազմաթիվ մանր թվացող հարցերից սկսած՝ մինչեւ համակարգային, ուղղակի ակնառու հարցեր: Բազմաթիվ լրագրողներ այս տարիների ընթացքում ավելի շատ բացահայտումներ են արել, քան էլի նույն իրավապահ համակարգը:

Ո՞ր ժամին են ոստիկանական ուժերը մարտի մեկի առավոտյան մտել Ազատության հրապարակ: Ի՞նչ նպատակով: Ինչո՞ւ այդ մտնելու պահի կադրերը չկան: Ի՞նչ գործողություններ են արել նրանք, կա՞ն ապացույցներ, որ նրանք իրոք զննություն են արել, որովհետեւ այն ժամանակ գործող օրենքով զննությունը պետք է արվեր ցերեկը, այնինչ, ապացուցված է, որ ոստիկանները մտել են հրապարակ մինչեւ լուսաբաց: Առավոտյան այդ «գործողությունից» հետո պատրաստած ռեպորտաժներում հստակ ցույց էին տալիս է՛լ զենք, է՛լ զինամթերք, որոնք ոստիկանները ցուցադրում էին առանց ձեռնոցների: Արդյո՞ք որեւէ ոստիկանի մեղադրանք է առաջադրվել ապացույցները «փչացնելու» համար, քանի՞ հոգու են ձերբակալել այդ զենքի համար, ովքե՞ր են նրանք եւ այլն:

Ի՞նչ իրավական հիմքով է այն ժամանակվա նախագահի անվտանգության պետը ֆիզիկական ուժի կիրառմամբ հրապարակից հեռացրել ՀՀ Առաջին նախագահին:

Ի՞նչ իրավական հիմքով է վերջինիս տունը ավտոմատավոր ոստիկանների կողմից ենթարկվել շրջափակման, իսկ նրա տուն մտնող-դուրս եկողները ենթարկվում էին ստուգումների: Կա՞ն արդյոք այդ փաստով մեղադրյալներ կամ գոնե կասկածյալներ:

Նայեք հարցերին, ու սա դեռ սկիզբն է: Իսկ դրանք շատանում են, քանի մոտենում ենք բուն մարտիմեկյան սպանդին:

Ոչ մի պատասխան, իրավակա՛ն, ադեկվա՛տ պատասխան չկա 0038 գաղտնի հրամանի մասին, ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերի առկայության մասին, այն մասին, թե ինչպես են մինչեւ ռազմական դրության հայտարարումը ՊՆ ենթակայության տակ եղած զինտեխնիկան տեղաշարժել, այն մասին, թե ի՞նչ իրավական հիմքով է ընդհանրապես բանակը ներքաշվել ներքաղաքական իրադարձությունների մեջ, չէ՞ որ այն ժամանկվա օրենսդրությամբ դա ուղղակի արգելված էր:

Ի թիվս այլ հարցերի՝ ոչ մի հիմնավորում առ այն, թե ուր են կորել այն, այսպես կոչված՝ տեսագրությունները, որտեղ երեւում էր, թե ինչպես են ցուցարարները, իբր, բարիկադների հետեւից կրակում ոստիկանների վրա, չկան վիրավոր ոստիկաններ: Չկան պատասխաններ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երբեմնի նախագահ Սամվել Նիկոյանի պատահական «բացահայտմանը», որ այդ օրը երեկոյան գործել են դիպուկահարներ:

Էլ չասած սպանությունների մասին: Փաստահավաք խումբը երկու զոհերի փաստով առնվազն ապացուցել է, որ մահվան հանգամանքների վերաբերյալ արձանագրությունները սխալ են կազմվել: Պատասխանը՝ լռություն:

Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել առնվազն «Չերյոմուխա»-ն սխալ (բաց տարածքում՝ ուղիղ նշանառությամբ) կիրառելու համար: Փոխարենն ասում են, թե  գիտե՞ք՝ արտադրողը մեզ հետո տեղեկացրել է, թե այն կարելի է կիրառել բաց տարածքում:

Ոչ մի պատասխան, թե ինչ հանգամանքներում է սպանվել ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը, եթե փաստահավաք խմբի զեկույցում, որը կազմվել է հարցաքննությունների եւ ոչ թե ուղղակի դատողությունների հիման վրա, հստակ երեւում է, որ զինծառայողը մահացել է ոչ թե հեռակա, այլ՝ ընդհուպ կրակոցից, սակայն, չգիտես ինչու, իրավապահները այլ վարկած են առաջ քաշել եւ տանում: Նույնը՝ ոստիկանության սպա Սամվել Թադեւոսյանի մահվան մասով: Իրավապահները մի վարկած են մեջտեղ բերում՝ թե ցուցարարներից մեկն է նռնակ նետել, փաստահավաքը՝ որ իրականում «Զարյա» տեսակի նռնակը եղել է սպայի ձեռքում եւ պայթել է հենց նրա ձեռքում: Բայց տեսեք՝ հարցն ինչն է. Փաստահավաք խումբը ապացուցում է իր այդ վարկածը, շատ մանրամասն ու հավաստի, իսկ իրավապահները՝ ոչ: Ընդհանրապես, այս օրերին արժե վերընթերցել Փաստահավաք խմբի զեկույցները, որովհետեւ շատ պատասխաններ այնտեղ կան: Պատասխաններ, որ մեզ չեն տալիս իրավապահները:

Հարցերն այնքան շատ են, որ դրանք կարելի էր թվարկել ու թվարկել: Բայց դրանից էությունը չի փոխվում: Իրավապահները չունեն պատասխաններ: «Չերյոմուխա»-ով կրակած ոստիկաններին իբր չեն գտնում, ավելի ճիշտ՝ գտել են. շատ չեն, մի քանի հոգի, բայց չեն կարող նույնականացնել, իբր, թե կոնկրետ ում կրակոցներից են եղել զոհեր, դիպուկահարներին չեն գտնում, ոչ մեկին չեն կարողանում գտնել:

Իրավականից՝ բարոյախրատականլալահառաչինքնախարազանման դաշտ, կամ՝ եկեք բոլորս մեղավոր լինենք

Այն, ինչ իշխանությունները չեն կարողանում հիմնավորել իրավական դաշտում կամ իրավական ձեւակերպումներով, տվել են լալահառաչների ձեռքը: Եւ ահա սրանք էլ արդեն տասը տարի պտտեցնում են նույն սկավառակը. սկզբում՝ ավելի ցինիկ ձեւակերպումներով, հիմա՝ ավելի ցիվիլ, դե, երբ մարդուն ֆրակով են ուտում:

Սկզբում հոգեբանա-մտավորականա-հասակարակական գործիչները հայտարարում էին, թե ատելության մթնոլորտ է սերմանվել, ընդդիմությունը մեղավոր է, իբր թե որովհետեւ նեյրոլինգվիստիկ ներգործության է ենթարկել ցուցարարներին՝ Հայրենիք, հաղթանակ եւ այլ վանկարկումներով եւ այլն, եւ այսպես շարունակ: Հիմա, երբ իրենց կարծիքով՝ կրքերը մի քիչ հանդարտվել են, մոտեցումը ենթարկել են փոփոխության: Հիմա մեղավորներ եւ պատասխանատուներ չկան: Մարտիմեկյան սպանդն, ըստ այդմ, ոչ թե հանցագործություն է, այլ՝ ողբերգություն (համարյա, ոնց որ շատերը ասում են, թե Հայոց Ցեղասպանությունը ոչ թե Ցեղապանություն է, այլ Եղեռն, կամ՝ ողբերգություն), չկան մեղավորներ եւ հանցագործներ, որովհետեւ, ուշադրություն՝ «մեղավոր ենք բոլորս», ու ամենակարեւորը՝ եկեք այնպես անենք, որ նման բան այլեւս չկրկնվի, որովհետեւ դա բոլորիս ամոթն է: Հասկանո՞ւմ եք, չէ, հարցը. հանցագործությունը իրավական հարթությունից տանում են բարոյական դաշտ, հոգեբանական հնարք է, ինչ խոսք, ու ասում՝ սիրելի հայրենակիցներ, եկեք բոլորս մեղավոր լինենք, ցավենք, փակենք էջն, ու անցնի գնա:

 Չի՛ կարող լինել նման բան, այն պարզ պատճառով, որ տեղի ունեցածը ողբերգություն չէ, այն հանցագործություն է, որը հստակ ծրագրվել է, ունի հստակ դերակատարներ, եւ նրանք պետք է պատասխան տան:

Մի՛ փորձեք ձեր հանցանքը տանել կոլեկտիվ պատասխանատվության դաշտ: Մի՛ փորձեք ձեր արածը լղոզելով՝ մոռացության մատնել այն, թե իրականում ինչ էր կատարվածը: Կատարվածը պարզապես ողբերգություն չէր, այն հանցագործություն էր, իսկ հանցագործության համար պետք է պատասխան տալ: Լալահառաչ ելույթները պահեք երիտհանրապետականների ժողովներին:

Իսկ պատմությունը լուռ էր

Այս հարցում առանձնահատուկ պատասխանատվություն ունեն այն բոլոր անձինք, ովքեր ներառել են 2008-ի ընտրական եւ մարտիմեկյան  դեպքերը դպրոցական եւ բուհական դասագրքերում: Իշխանությունն արդեն իր ճիշտն ունի, եւ այն ներառված է այդ գրքերում: Այդ «ճշտից» դուրս նրանցից բացահայտում ակնկալելը միամտություն է: Այս իշխանության վարկածն արդեն մեխված է պատմության տեսքով: Եւ այդ պատմության մեջ առայժմ գոնե ճշմարտությունը տեղ չունի: Եւ կարեւոր է՝ այդ բոլոր պատմաբան-գիտնական-պրոֆեսորները նույնքան մեղավոր են, որքան նրանք, ովքեր կրակել են: Ու սա փաստ է: Դովլաթովն ասում էր. «Մենք անվերջ մեղադրում ենք ընկեր Ստալինին, եւ անշուշտ՝ տեղին: Եւ այդուհանդերձ, ուզում եմ հարցնել՝ ովքե՞ր են գրել միլիոնավոր «դանոսները»»:

Հարց պատմաբաններին. մարդիկ անվերջ մեղադրում են իշխանություններին, եւ անշուշտ՝ տեղին, եւ  այդուհանդերձ, ուզում եմ հարցնել՝ ովքե՞ր են այդ իշխանությունների վարկածները վերածել պատմության:

Ժամանակը

Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն այսօր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր է, վերջերս ասում էր, թե  երբ ինքը դարձավ դատախազ, արդեն 5 տարի էր անցել, շատ վկաներ արդեն երկրում չէին, կամ մոռացել էին տեղի ունեցածը: (Ու չի մտածում, որ իր այս ասածներից բնական այլ հարցեր են առաջանում, ո՞նց թե, բա ո՞ւր են վկաները, ինչի՞ չեն հարցաքննվել այն ժամանակ, երբ այստեղ էին կամ երբ դեռ չէին մոռացել, պատասխանատվության ենթարկվածներ կա՞ն ժամանակին չհարցաքննելու, այսինքն՝ անգործության համար, եւ այլն եւ այսպես շարունակ):

Հասկանալի է, ապագայի համար փորձում է արդարանալ՝ իբր, ինչ արվել, մինչեւ ինձ է արվել: Ներկայիս դատախազն ընդհանրապես կարող է ասել՝ դե համարյա տասը տարի անցել էր, ոչ մեկը ոչինչ չէր հիշում: Նիկոյանն ասում է՝ կանչեցի, եկեք, ապացույցներ բերեք, ոչ մեկ չեկավ: Աղվան Հովսեփյանը, որ հենց դեպքերի ժամանակ էր գլխավոր դատախազ, այժմ էլ ՔԿ պետն է, հիմա ոչինչ չի ասում: Նկարներ է նկարում: Նրանք բոլորը կարծում են, թե տասը տարի է անցել, ամեն ինչ մոռացվել է, մի քիչ էլ՝ ու ոչ մեկը չի հիշի: Կմնա զուտ իրենց պատմաբանների գրված պատմությունը, եւ մի քսան տարի հետո բոլորը կասեն, եղել է մեծ ողբերգություն, որի համար մեղավոր էին բոլորը:

Բայց նրանք սխալվում են: Եւ իրենք էլ գիտեն, որ սխալվում են: Իրենք էլ գիտեն, որ ոչինչ չի մոռացվել: Իրենք էլ գիտեն, որ իրենք հանցագործներ են:Ոչ միայն հենց կրակողները, այլեւ հրաման տվողներն՝ առաջին հերթին, դրան մասնակիցները, այդ ամենը չբացահայտողները: Այդ մարդիկ այլ անուն չունեն: Այդ մարդիկ սովորական հանցագործներ են: Ու եթե կարծում են, որ կարելի է այնքան ժամանակ ձգել, որ «վաղեմության ժամկետն» անցնի, սխալվում են: Այս հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի:

Եւ այո, գալո՛ւ է պատասխան տալու ժամանակը:

 

Նախորդ հոդվածը‘Սեքս-սկանդալ պետդումայի պատգամավորի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն ընտրեց ԲԴԽ անդամներին’