‘Քրիստինե Խանումյան. Եւ իսկապես, «ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղե՛րք»’

4448

Ուզում եմ հարց ուղղել կառավարության

անդամներին` դուք, որ ձեր թեկնածությունը

դնեք ընտրությունների ժամանակ ու

ձեզ չպաշտպանի դատախազը, ոստիկանությունը՝

կհաղթե՞ք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում,

որ դուք կարտագաղթեք, տղերք:

Դուք սիստեմ եք ստեղծել, որի միջոցով

անընդհատ ասում եք, որ ժողովրդի

կողմից քաղաքական գնահատական եք ստացել,

բայց մի՞թե չեք տեսնում` ինչ կատաստրոֆիկ

վիճակ է, տեսնում եք, չէ՞:

 

Վահան Հովհաննիսյան

13.05.2013

 

 Հավանաբար, Պաշտպանության նախարար Օհանյանին արդեն «զեկուցել» են, որ իր ընտանեկան ֆոտոսեսիան, մեղմ ասած, բացասական արձագանք է գտել համացանցում, եւ նա մտորում է, թե ինչու այդպես ստացվեց, որ մարդիկ այսպես արձագանքեցին իր «բարի» ընտանեկան լուսանկարներին:

Նրանք, ովքեր այս նեղ մաջալին նման լուսանկարներ անելու խորհուրդ են տվել իրեն, երեւի արձագանքների սեփական վերլուծությունն էլ կտան` կազմված մի քանի բառից միայն, կասեն՝ որովհետեւ մարդիկ չար են ու նախանձ:

Ու չգիտենք, կգտնվի՞ նրա շրջապատում գեթ մի սթափ մեկը, որը կասի Օհանյանին. «Եղբայր, խնդիրը չարությունն ու նախանձը չէ, բայց էս նեղ մաջալին արածդ խրախճանք է հիշեցնում ժանտախտի ժամանակ»:

Կասի՞ այդ մեկը նրան, որ մարդիկ իր ընտանեկան երջանկությանը չեն նախանձում եւ ընդհանրապես չեն նախանձում, այլ սահմանադրությամբ իրեն «գործի դրածները» դատապարտում են իրենց հարկերի հաշվին աշխատավարձ ստացող չինովնիկի վարքը: Օհանյանը չպիտի մոռանա, որ ինքն ընդամենը սովորական չինովնիկ է, իր իսկ ասելով` աշխատավարձով ապրող, եւ որ իր ֆոտոսեսիան ոչ միայն բարոյական իմաստով է գռեհկություն, այլեւ` քաղաքական ու իրավական: Գռեհկություն է թեկուզ հենց էն պատճառով, որ չի կարելի, որ մի երկրի չինովնիկը, որտեղ ավելի քան 30 տոկոսը աղքատներ են, այնպիսի լուսանկարներ տեղադրի, որոնք նպատակային ի ցույց են դնում նրա շքեղ կենցաղը: Գռեհկություն է, երբ սահմանին իրավիճակը լարված է, գրեթե ամեն օր նոր զոհերի մասին ենք տեղեկանում, իսկ նախարարը, որպես պատասխան՝ խրախճանքի ֆոտոշարք է անում: Բարոյական չէ, որովհետեւ լուսանկարներում մարդիկ ոչ թե ընդամենը երջանիկ նախարարի են տեսնում, այլ չինովնիկի, որը ցուցադրաբար ասում է` տեսեք, ես իմ տանն էս իրն ունեմ, էն իրն ունեմ, սրանից էլ ունեմ, նրանից էլ ունեմ: Գռեհիկ է քաղաքական առումով, որովհետեւ այս օրերին միակ բանն՝ ինչ պիտի աներ նույն Օհանյանը, սահմաններից տուն չգալը պիտի լիներ՝ առանց որեւէ լուսանկարի ու ռեպորտաժի: Եւ վերջապես, իրավական առումով, ի վերջո, մեկը կարող է հաշվել ու ասել՝ աշխատավարձով ապրող Սեյրան Օհանյան, դու էս ամենը ի՞նչ կամ ո՞ւմ փողերով ես ձեռք բերել:

Հասկանալի է, որ Օհանյանը PR է փորձում անել: Բայց էն գլխից իրեն հիասթափեցնենք, PR-ը րոպեների ընթացքում տապալվել է: Մեղմ ասած:

Իսկ ընդհանրապես, էս տեսակ էժան PR-ներն իշխանությունը սարքել է կենսակերպ: Իրավիճակը լարված է, սրանք իրենց հետեւից քարշ են տալիս լուսանկարիչներին ու օպերատորներին, որ իրենց մի երկու կադր նկարեն` մեկ սահմանին կանգնած, մեկ տոնածառ վառելիս, մեկ` աղոթելիս: Ու կարծես չեն գիտակցում, կամ` չեն ցանկանում գիտակցել, որ իրենք վաղուց կտրվել են իրականությունից, որ իրենց ու հասարակության միջեւ մի հսկայական անջրպետ կա, եւ այն` ամեն մի նման PR քայլից հետո ավելի է խորանում: Սրանք կարծում են, թե կարելի է ամեն կեղծված ընտրությունից, բռնությունից, թալանից հետո բարի դեմքով լուսանկար տարածել, ու մարդիկ «կսիրեն» իրենց: Սրանք այդպես էլ չհասկացան, որ իրենց այդ քայլերով ընդամենը ժողովրդի արհամարհանքն ու զզվանքը վերածում են ատելության: Որ սիրելի դառնալու համար ոչ թե պետք է PR անել, այլ` գործ, որ PR-ի փոխարեն ընդամենը պետք է չթալանել, ընտրություն չկեղծել, եւ այդ ժամանակ «բարի» լուրերն իրենք իրենց կտարածվեն: Սրանք չհասկացան, որ իրենք՝ իրե՛նց իսկ քայլերով ժողովրդի մոտ արթնացնում են զգացմունքներից ամենավատը, որ քաղաքացին կարող է ունենալ իշխանության հանդեպ` ատելությունը:

Հ.Գ. Ու թող մտածեն, թե այդ ինչպե՞ս եղավ, որ երբ հայտարարեցին՝ զինված հանցախումբ են ձերբակալել, որը ինչ-ինչ գործողություններ էր պատրաստում իրականացնել իշխանավորների դեմ, մարդիկ՝ չհավատալով հանդերձ, որ այդ խմբի անդամներն իրապես կարող են մեղավոր լինել, միաժամանակ տարբեր տեղերից արձագանքեցին. «Ափսոս»: Սրանք մտածեցի՞ն տեսնես, թե ինչու մարդիկ թշնամի չդարձրին այդ խմբի անդամներին: Եւ կամ հիշո՞ւմ են, արդյոք, իրենց իսկ ներկայիս դաշնակից ու թիմակից կուսակցություններից մեկի` ՀՅԴ ղեկավարներից Վահան Հովհաննիսյանի իրենց իսկ ուղղված կանխատեսումը. «Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղերք»:

 

 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ռ.Բաբայան. Մտավորականն իրավունք չունի խոսել իշխանության հետ, նա պետք է խոսի հասարակության հետ’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ը թմրանյութի տրանզիտից տարեկան մինչեւ 500 մլն դոլար է վաստակում’