‘Քրիստինե Խանումյան. Լրջանալու պահը, կամ փող՝ Սերժին հանդուրժելու համա՞ր’

5853

Բարդ ժամանակներում ենք հայտնվել: Տպավորություն կա, որ Ռուբիկոնը մոտենում է: Ընդ որում, որքան մենք՝ քաղաքացիներս ենք այն մոտեցնում, նույնքան, իսկ գուցե՝  շատ ու շատ ավելի, նույն բանն անում են իշխանությունները: Իշխանություն որ ասում եմ՝ նկատի ունեմ, առաջին հերթին Սերժ Սարգսյանին: Մյուսները անլուրջ խամաճիկներ են,  որոնց մի մասը ծածուկ հայհոյում է իշխանական նիստ ու կացնը,  ներքին՝ սեւ հարկահանությունը, բայց եւ այնքան համարձակություն չունի՝ բացահայտ ընդվզելու համար, իսկ մյուս մասի համար, մեծ հաշվով, մեկ է՝ ով կլինի իշխանության, ինչպես կկառավարեն երկիրը, եւ, ի վերջո՝ ինչ կլինի երկրի հետ: Նրանք իրենց «փայն» են ուզում, եւ այդ փայի (մեծ, փոքր՝ էական չէ) դիմաց պատրաստ են ամեն ինչի: Այդ երկրորդ տեսակն ընդհանրապես սկզբունք չունի, տեսակետ չունի. նրանց տեսակետը իրենցից վերեւ կանգնածի տեսակետի վերարտադրությունն ու պաշտպանությունն է, նրանց ճշմարտությունն ու Աստվածաշունչը՝ իշխանության «գլխի» ճշմարտությունն է:

Իսկ իշխանության գլուխն, ինչպես տեսնում ենք, հինգ տարի այնքան «խաղաց-խաղաց», որ համը դուրս եկավ: Ռուսների ասած՝ доигрался: Իրենք իրենց աշխարհի «շուստրին» համարողների վերջը միշտ այսպես է լինում: Շատերը կասեն՝ փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում: Բայց փորձված աղվեսը մի բան է՝ որպես փորձված աղվես, PR արված կամ ինքնաPR արված մարդը՝ այլ բան: Ընդհանրապես՝ երբ ղեկավարը փորձում է ղեկավարել ներքին հակասությունների (երբեմն՝ արհեստածին, անգամ՝ իր իսկ կողմից հրահրված, խրախուսվող), մանր ու միջին սադրանքների, մուտիտների եւ այլ միջոցների օգնությամբ, եւ դա չի անում վիրաբույժի ճշգրտությամբ, ուրեմն՝ վաղ թե ուշ կհայտնվի իր իսկ փորած փոսում: Սարգսյանը, ով շախմատիստի անուն է փորձում կպցնել իրեն, հենց այդ մանրուքները հաշվի չառնելով էլ հայտնվել է երկընտրանքի առաջ: Աջ գնա՝ «այծիկ կդառնա», ձախ գնա՝ «գլուխը կկտրեն»: Բայց՝ իր մեղքն իր վիզը:

Իսկ հարցն այն է, որ ինքը ստեղծել է մի իրավիճակ, որից շահել կարող են միայն ինքը (եթե հաջողեցնի շահել) եւ միջազգային հանրության մի մասը, իսկ կորցնելու պարագայում կորցնողը մենք ենք լինելու ու պետությունը: Սա վախճանաբանական հարայհրոց չէ: Սա պարզ ճշմարտություն է, այն իրողությունն է, որը հաշվի չառնել չենք կարող: Սարգսյանն իշխանությունը բաժանել է երկու մասի, ու նրանցից մեկը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ուզում է խլել մեր անկախությունը, մյուս մասն էլ՝ թե Եվրոպան «գ..երի երկիր է», դրանց այլասերվածությունը մի բերեք մեր երկիր: Ու նրանցից ոչ մեկը չի խոսում այն մասին, որ անկախությունը չվերցնող չկա. կա կա՛մ անկախությունը տվող, կա՛մ՝ չտվող: Հենց այդպե՛ս: Մոնղոլիային էլ որ «էստի համեցեք» անես, այդ երկիրն էլ դեմ չի լինի Հայաստանի անկախությունն իրենով անել: Սլաքները սխալ տեղ պետք չէ ուղղել. անկախությունը մաս-մաս սկուտեղի վրա տվողները այստեղ են, մեր իշխանության ղեկին, իշխանությունը ուզուրպացրած: Ովքեր իրենց քարոզչամեքենայով կեղծ աշխարհաքաղաքական կողմնորոշումների հորձանուտ են ստեղծել, ու մեզ ասում են՝ Սերժը մեզ կամ աջ կտանի, կամ ձախ: Բայց ո՞վ ասաց, որ Սերժ Սարգսյանը մեզ պետք է ինչ-որ տեղ տանի: Սա է հարցերի հարցը:

Չընտրված նախագահը միայն իր իշխանությունը պահելու համար ո՛ր աշխարհաքաղաքական կենտրոնի դուռն էլ բախի՝ մենք ենք տուժելու: Որովհետեւ այդ դռներից մեկը չի բախելու պետության շահերից ելնելով: Եվրոպայի դուռը որ բախեց՝ ժողովրդավարությո՞ւն է բերելու, ազատ ու արդար ընտրություննե՞ր է բերելու, արդար դատական համակա՞րգ է բերելու, խոսքի ազատությո՞ւն է բերելու: Էդ ո՞նց է բերելու, ինչի՞ համար: Որ ժողովուրդը միանգամից իրենց ու իր թիմին իշխանությունից հեռացնի՞: Բա ուրեմն՝ էլ ի՞նչ: Փո՞ղ: Փող՝ Սերժ Սարգսյանին հանդուրժելու համա՞ր: Այսինքն՝ մեզ պետք է մի քիչ բարեկեցություն տան (եթե, իհարկե, այդ փողից քաղաքացիների համար բան մնա ու ռուսական 500 մլն վարկի ճակատագրին չարժանանա), որ մենք Սերժ Սարգսյանի դեմ չընդվզե՞նք: Այսինքն՝ մեզ ընտրակաշառք են առաջարկո՞ւմ, ուղղակի՝ ավելի ցիվիլ տեսքո՞վ: Բայց, կներեք, ԵՄ-ի ինչի՞ն է պետք Սերժ Սարգսյանը, ինչի՞ համար պիտի նրան պահեն՝ սիրուն աչքերի՞, բոյի՞, բուսաթի՞, ինտելեկտի՞: Չէ՛՝ չէ՞: Բա էլ ինչի՞: Ախ հա՜, ԵՄ-ն նրանից ինչ-որ ակնկալիքներ ունի: Եկանք սկզբնակետին: ՀՀ քաղաքացու համար ի՞նչ տարբերություն՝ ով ինչ ակնկալիք ունի Սերժ Սարգսյանից: Բոլոր գերտերություններն էլ ինչ-որ ակնկալիք կունենան եւ ունեն: Մեկը դրա դիմաց անվտանգություն է առաջարկում (ասում են՝ երկրին), մյուսը՝ փող: Շնորհակալությո՛ւն: Մեզ փող պետք չէ: Անվտանգության հարցն էլ՝ կքննարկենք: Բայց ոչ հիմա: Հիմա ընդամենը մեկ հարց ունենք լուծելու՝ Սերժ Սարգսյանի հարցը:

Իսկ հիմա լրջանալու պահն է: Ու այս անդորրը, որ փոթորկից առաջ տիրող անդորր է հիշեցնում, հենց այն ժամանակն է, որ ընտրություն կատարենք: Բայց ո՛չ աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ: Այդ հարցը հետո կքննարկենք, երբ լեգիտիմ իշխանություն կունենանք: Ասոցացման համաձայնագիրը կհրապարակվի, կկարդանք, հետո կտեսնենք՝ ուրիշներն ինչ են առաջարկում, կքննարկենք ազգովի, եթե պետք է, ու կորոշենք՝ ինչ անել եւ ուր գնալ: Մենք մե՛ր ընտրությունը պիտի կատարենք: Ավելի ճիշտ՝ ընտրությունն ի կատար ածենք:  

Հ.Գ. ՀՀՇ դեկտեմբերին կայացած համագումարում նախագահ Տեր-Պետրոսյանը, ըստ էության, ասել էր այն պարզ մեխանիզմը, որով պետք է վերջ դրվեր այս անիմաստ  քննարկումների հորձանուտին՝ Արեւմու՞տք(այսինքն՝ Եվրոպա եւ ԱՄՆ), թե՞ Ռուսաստան: «Կործանարար է ինչպես միակողմանի արևմտամետ, այնպես նաև՝ ռուսամետ կողմնորոշումը, բայց ավելի կործանարար կլինի հակաամերիկականությունը կամ հակառուսականությունը: Ուրեմն, Հայաստանը պետք է ոչ թե ամերիկամետ կամ ռուսամետ լինի, այլ` չպետք է լինի հակաամերիկական կամ հակառուսական: Ահա այս պետք է լինի այս երկրի քաղաքականությունը»,- ասել էր նախագահը: Ու այսքանից հետո մենք դեռ քննարկելու բա՞ն ունենք, թե մենք ուր պետք է գնանք:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘ԱԳ նախարարությունը հրաժարվում է հրապարակել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը’
Հաջորդ հոդվածը‘Վիտալի Կլիչկոն որոշել է առաջադրվել նախագահական ընտրություններում’