‘Քրիստինե Խանումյան. Մի ուրվական էր շրջում Բերձորում՝ Սերժ Սարգսյանի ուրվականը’

3234

Բերձորում տեղի ունեցած ծեծուջարդի հասարակական արձագանքը դեռ տաք է, շատ տաք: Բայց եւ, մյուս կողմից, սառը գլխով զրուցելու ժամանակն է՝ երեւի:

Նախ՝ դեպքի մասին: Չենք քննարկում, թե ի՞նչ իմաստ ուներ ավտոերթով Ղարաբաղ գնալը, չենք քննարկում այն հարցը, թե ո՞րն էր այդ քայլի քաղաքական նպատակահարմարությունը, դա հարցի մի կողմն է, ավելին, ինձ քիչ է հետաքրքրում այն, թե ում են ծեծել. ծեծն, այս դեպքում, ընդհանրապես քննարկման ենթակա չէ: Անկախ այն հանգամանքից, թե համազգեստավորները ում են ծեծել, նրանց գործողությունները եղել են հակաօրինական: Որովհետեւ ոստիկանները, նախեւառաջ, պետք է առաջնորդվեն իրավական ակտերով, իսկ ոչ մի իրավական ակտ նման վարք դրսեւորելու իրավունք չէր տալիս այս դեպքում: Եթե անգամ ավտոերթի մասնակիցներին Ղարաբաղ չթողնելու համար համապատասխան հիմքեր լինեին, դա պետք էր անել այլ եղանակով ու մեթոդներով: Այնպես որ, անկախ նրանից, թե ում հանդեպ նման վարք կկիրառվեր, այդ արարքը պիտի ոչ միայն դատապարտվի, այլեւ համապատասխան հետեւանքներ ունենա, կոնկրետ անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ անկախ ամեն ինչից՝ արարքը չի կարող արդարացում ունենալ: Վերջ:

Բայց այն, ինչ տեղի ունեցավ դեպքից հետո, մեղմ ասած, հիստերիա էր հիշեցնում, որտեղ մեծամասամբ իրավական քննարկումներ չկային էլ, նույնիսկ քաղաքական էլ չկար, կային միայն, մի կողմից՝ բարոյականության, վեհի, վսեմի, ու, մյուս կողմից՝ տականքի, թուրքի մասին հիշատակումներ, որտեղ շատ էական հանգամանքներ կամ կորչում էին, կամ ի սկզբանե հաշվի չէին առնվում:

Քննարկումից  ի սկզբանե, կարծես թե, դուրս մղվեց մի էական նրբություն. այն է, որ ավտոերթի մասնակիցներին դիմավորելու համար Ստեփանակերտից Բերձոր էին մեկնել ԼՂՀ մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ ազատամարտիկներ: Այդ մարդիկ եւս բռնության են ենթարկվել, այն էլ՝ խիստ դաժան ձեւով: Բայց դա քչերին հետաքրքրեց: Թիրախում միայն Երեւանից մեկնածներն էին: Իսկ Ստեփանակերտից եկածները՝ ի՞նչ: Նրանց մասին կարելի էր չխոսել, առավելեւս՝ որ այդ դեպքում միֆը կջարդվեր: Առավելեւս՝ որ «աման, թաղեմ ձեզ» ոճի արձագանքի ողջ կոնցեպտն այդ պարագայում պիտի փլվեր:

Եւ հետեւաբար՝ քննարկումներն ի սկզբանե գնացին սխալ, անընդունելի, իսկ հեռանկարում՝ եթե ոչ կործանարար, ապա առնվազն վնասակար հունով:

Հասկանալի է, որ էմոցիոնալ բռնկման մեջ գտնվող մարդու համար ցնցման պահին դժվար է կառավարել իր բառաֆոնդը, բայց  մարդուն տրված է նաեւ տրամաբանություն՝ ամեն խոսքը ծանրութեթեւ անելու համար:

Կամ՝ երբ որ դեպքից հետո բոլորը ղարաբաղցիներից ներողություն էին պահանջում: Ինչի՞ համար: Այսինքն՝ երբ  ընդդիմությանն ամեն անգամ Արտաշատում քարերով էին դիմավորում խաժամուժի մի քանի «ներկայացուցիչներ», արտաշատցիների ներողությո՞ւնն էիք ակնկալում, մտածում էիք, թե արտաշատցինե՞րն են նախաձեռնել հարձակումը: Թե՞ կարծում եք, որ Արտաշատի «մլիցեն» ռեժիմի «մլիցեն» է, ժողովրդի հետ կապ չունի, իսկ ահա Ղարաբաղի «մլիցեն» ժողովրդի «մլիցեն» է, հա՞: Դե էդ դեպքում հայտարարեք, որ Սերժ Սարգսյանն էլ էս ամենի հետ կապ չունի, ու «հանգիստ խղճով» գնացեք ձեր գործին:

Ամեն դեպքում, կարելի է արձանագրել՝ Բերձորյան ջարդի կազմակերպիչները հասան իրենց նպատակին: Ըստ իս՝ նպատակը մեկը չէր, բայց դրանցից մեկն էլ հենց սա էր. էմոցիան կհաղթի տրամաբանությանը, էմոցիան կլղոզի ու կընդհանրացնի ամեն ինչ, «հայաստանցիք» ու «ղարաբաղցիք», եղած ու հնարավոր (ակնկալվող) մարտահրավերները թողած՝ կսկսեն հայհոյել միմյանց, իսկ գլխավոր մեղավորն այդ ժամանակ, նստած բարձր լեռան գագաթին, կժպտա լուռ ու գոհ:

Հարց՝ իսկ այս արանքում ո՞ւր մնաց Սերժ Սարգսյանը, քանի՞ անգամ հիշատակվեց նրա անունը. մեծ մասը կարծես մոռացել էր արդեն նրա գոյության մասին: Զգալի մասի համար պատասխանատուն «ղարաբաղցիներն» էին, մի փոքր մասի համար էլ՝ դրսի ուժերը: Արեւմտամետները մի բոլ հայհոյեցին «ռուսամոլներին», ռուսամետները՝ «արեւմտամոլներին»:

Մի խոսքով, ստացվում էր, որ մեղավոր են բոլորը, բացի Սերժ Սարգսյանից: Էս ի՜նչ իդիլիա է տիրում հասարակության շրջանում: Սերժ Սարգսյանը նման իդիլիայի մասին միայն երազել կարող էր:

Հաջորդ նրբությունը.«ի՞նչ ասել է՝ ինչպե՞ս կարելի է հերոսի հետ նման կերպ վարվել»: Այսինքն՝ ի՞նչ,«չհերոսի» հետ կարելի՞ էր: Այդ ո՞ր օրենքն է տարանջատում հերոսին ու «չհերոսին»: Ցանկացած քաղաքացի պետք է պաշտպանված լինի՝ անկախ այն հանգամանքից, հերոս է, թե հերոս չէ:  

Եւս մեկ հարց՝ որեւէ մեկը կարծում է, թե ներկայիս քրեական ռեժիմի պայմաններում ԼՂՀ-ում ոստիկանը «ինքնագլուխ» կամ «ինքնաբուխ» նման արարք կանե՞ր: Ակնհայտ է, չէ՞, որ ամեն ինչ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրահանգով (թե ինչ ակնկալիքով է դա նման հրահանգ տվել՝ այլ հարց է, եւ կքննարկենք ստորեւ), եւ ուրեմն, առնվազն քաղաքականապես տհաս պետք է լինել այս ողջ պատմության մեջ Սերժ Սարգսյանին չտեսնելու, նրան դատապարտելու փոխարեն՝քննարկելու ԼՂՀ ոստիկաններին միայն, պատասխանատվության ողջ բեռը միայն նրանց վրա գցելու  ու նրանց տեղի «պուպուշ» ոստիկանների հետ համեմատել փորձելու համար, թե՝ տեսեք, էնտեղի ոստիկաններն ավելի վատն են, քան՝ այստեղի ոստիկանները, նրանք ավելի դաժան են տփում (յա, իրո՞ք), իսկ էստեղի ոստիկանները սիրելով են տփում,եւ կամ, առավելեւս, նրանց արարքը տարածել Ղարաբաղի ողջ բնակչության վրա:

Ու ամենազավեշտալին այն էր, որ կարծես առիթ էր պետք՝ բոլոր ղարաբաղցիներին մի սանրով սանրելու, իրենց դժբախտությունների մեջ մեղադրելու համար. եւ ամենաթունդը հայհոյում էին նրանք, ովքեր էս ամենից ամենաքիչն էին գլուխ հանում, քարտեզի վրա Ղարաբաղի տեղն էլ չգիտեն, բայց փոխարենը վերջապես առիթ էին ստացել բռնությունն այս որպես առիթ օգտագործել՝ մի քիչ ինքնահաստատվելու համար. կամ էլ թե՝ գուցե երկու կոպե՞կ էր կպել Սերժ Սարգսյանի գիծն առաջ բրթելու նպատակով: Իսկ նրանք, ովքեր դրա կարիքը չունեին, ավելի զուսպ էին ու հասկանում էին, որ ոստիկանության արածը ողջ ժողովրդի վրա տարածելն առնվազն շանտղություն է:

Հիմա նորից մի փոքր հետ գնանք. ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանի հրահանգով տեղի է ունեցել հարձակում: Այն էլ՝ ոչ սովորական հարձակում. դե, սովորականը ավելի քիչ կրքեր կբորբոքեր: Հարձակումը պիտի լիներ այնքան աչք ծակող, որ կրքերն ավելի ու ավելի ուժգին լինեին: Սերժին ակնհայտորեն շատ կրքեր էին պետք, շատ տաք արձագանքներ: Շատ կրքեր, շատ «շուխուռ»:

Բայց ինչի՞ց է վախենում Սերժ Սարգսյանը, եթե կրքեր բորբոքելու ցանկություն է ունեցել, այն էլ՝ այս դաժան եղանակով: Ասել, թե նա իսկապես մտածում է, որ ապրիլի 24-ին Հիմնադիր Խորհրդարանը իրեն պիտի իշխանությունից զրկի՝ միամտություն կլինի: Համենայնդեպս, այդ դեպքում նա չէր դիմի մի այնպիսի քայլի, որը, թեկուզ եւ կարճաժամկետ առումով, բայց մեկ օրվա ընթացքում ավելի շատ PR կապահովեր այդ կառույցի համար, քան նրանց նախորդ բոլոր ակցիաները միասին: Իսկ գուցե Սարգսյանի վախերն ու նպատակները ա՞յլ տեղերում են թաքնված.

1. Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիքի արտահայտման վերջնաժամկետ, Հայաստանում ընդդիմության կողմից հնարավոր քաղաքական թեժացումներ՝ հանրահավաքների տեսքով, որոնք իր իշխանության համար հղի են լուրջ վտանգներով: Դրան էլ գումարենք Ղարաբաղից արդեն տեւական ժամանակ եկող ազդակներն առ այն, որ հասարակ բնակչության շրջանում առաջին անգամ վստահության դեֆիցիտ կա Հայաստանի ղեկավարության հանդեպ, ընդ որում՝ դժգոհություն, մասնավորապես, Սերժ Սարգսյանից: Իսկ ի՞նչ կլինի Սերժ Սարգսյանի իշխանության հետ, եթե Հայաստանում նրան իշխանությունից զրկելու գործընթացն անարձագանք չմնա նաեւ ղարաբաղցիների շրջանում: Սա աննախադեպ բան կլիներ, բայց մի բան, որը հնարավոր չէր լինի բացառել՝ հաշվի առնելով վերջին զարգացումներն ու առկա իրողությունները:

Բայց այդ իրողություններն այդ ծեծուջարդից հետո հօդս ցնդեցին: Հիմա էլ ո՞վ է հիշում, որ արդեն երկար ժամանակ ԼՂՀ քաղաքացիների շրջանում դժգոհություն կար, որ նախկինում նրա հանդեպ վստահությամբ լցված մարդիկ (որ փակ համակարգի քարոզչության զոհերն էին) մտել էին իրենց համար մինչ այդ տաբու համարվող քննարկումների մեջ: Ոչ ոք, գոնե այժմ, էլ չի հիշում այդ մասին: Բոլորը գոհ են, վտանգը չեզոքացված է: Վարագույր:

2. Չնայած Էրդողանի կողմից Սերժ Սարգսյանին հասցված հրապարակային ապտակին, այդուհանդերձ, հայ-թուրքական կարգավորումն ու դրան զուգահեռ՝ ԼՂ հիմնախնդրի հարցը շարունակում են ակտուալ մնալ: Եւ եթե այս հարցերում պիտի լինի «առաջընթաց», ապա միայն այսպիսի պայմաններում:

Հ.Գ. Հարցերն ու խնդրահարույց պահերն, անշուշտ, շատ են, բայց դրանց մասին էլ՝ հաջորդիվ, երբ որ կրքերը կհանդարտվեն:

Շարունակելի

Նախորդ հոդվածը‘«Շրջանառության հարկի» թեմայով ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ չի անցկացնի’
Հաջորդ հոդվածը‘Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ձերբակալվել է (լրացված)’