‘
Դասականն ասում էր. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի»:
Եւ ճիշտ էր ասում, անշուշտ: Տարիները եկան նրա խոսքի իրավացիությունն ապացուցելու: Եւ ավաղ, տարօրինակ մոլուցքն այս կամ ներքին ենթագիտակցական մղումը, կամ մեկ անգամ կորսված հայրենիքի հանդեպ մեղքի գենետիկ զգացումը սուբլիմացնելու ծածուկ ցանկությունն այս՝ ոչ միայն շարունակվում, այլեւ մետաստազների նման տարածվում է, եւ ցավոք, ուռճանում է նաեւ Արցախում: Թվում է, թե՝ ինչ կա որ, Ղարաբաղը/Արցախը մերն է, արյամբ նվաճել ենք, մնում է միայն դիվանագիտությամբ պահենք ու հասնենք անկախությանը: Բայց չէ: Ճոռոմաբանները ոչմիթիզական քողի տակ ամեն օր ու ամեն ժամ ջանք չեն խնայում Ղարաբաղը որպես ապագա պետություն ունենալու հնարավոր իրողությունն աղավաղելու այնքան ու այնպես, որ մեր ձեռքում ունեցած շոշափելին ու տեսանելին ընկալվեն որպես պատմական հողակռիվ, որտեղ չկան մարդն ու հատկապես քաղաքացին, որովհետեւ մարդն իրավունքներ պիտի ունենա, քաղաքացին՝ պետականություն, իսկ պետականությունը ջանքեր ու իրական աշխատանք պիտի պահանջի, թեկուզ ոչ հիմա, բայց այն հնարավոր տեսանելի ապագայում, եթե հաջողենք ու ամրագրենք բաղձալի անկախությունը որպես իրողություն:
Ու նրանց համար Ղարաբաղ/Արցախը պետության համար կռիվ տվող տարածք չէ, որտեղ ապրում են մարդիկ, որոնք այնտեղ պիտի ապրեն նաեւ հարյուր տարի կամ երկու հարյուր տարի անց: Ամենեւին: Նրանց համար դրանք տարածքներ են, եւ կամ պատմական Ուտիքը միայն, իսկ պատմական Ուտիք նահանգը սոսկ հող է, եւ հետեւաբար՝ իրականում պատմական աննախադեպ հաղթաթուղթ հանդիսացող Զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի կնքումն էլ է (իրենց ասելով) դավաճանություն, բանակցություններն էլ են դավաճանություն, իսկ ապագա անկախ ԼՂՀ-ի քաղաքացին դառնալու ցանկություն ունեցող երիտասարդները հետեւաբար դառնում են միայն մսացու եւ մատաղացու, որոնք ամենօրյա ռեժիմով պիտի զոհ գնան, ինչ է թե՝ նրանք՝ ոմանք, ե՛ւ հաճույք են ցանկանում ստանալ, ե՛ւ կույս մնալ, ե՛ւ բանակցություններին կողմ են իբր, նաեւ՝ փոխզիջելու ոչինչ «չունեն», եւ իրենց տաք «դիվաններից» դիվանագիտություն խաղալով՝ բարոյական երկընտրանքի առաջ են կանգնեցնում այդ երիտասարդներին, որ ինչպես եւ այդ «դիվան» քշող դիվանագետները՝ թեեւ զինվոր չեն ծնվել, բայց ի տարբերություն սրանց՝ «հայրենասերների», զինվոր են դարձել, որ սրանք հերոսանան, ինչ է եւ իբրեւ թե՝ սրանք պատմական հայրենիքն են սիրում:
Բայց սրանց այդ պատմականացավը եսասեր է, անշուշտ, որովհետեւ պատմական հայրենիքից առաջ եւ զատ, իրենք իրենց կաշին են սիրում, որովհետեւ զինվոր ասելով նկատի չունեն ոչ իրենց, ոչ էլ՝ իրենց զավակներին: Նրանք իրենց համերկրացի անծանոթներին են տեսնում որպես զինվոր, որ մսացու ու մատաղացու են, որ պետք է զոհեն իրենց կյանքը, այն դեպքում, երբ խնդիրը կարելի է կարգավորել դիվանագիտությամբ, ինչ է թե՝ իրենք հերոսներ հռչակվեն եւ կոչեր ու հարձակվելու հրովարտակներ արձակեն:
Ու ոչինչ, որ իրենք կոչերն արձակում են «դիվաններից», եւ իրենց ուսերին չեն կրում պետության պատասխանատվության բեռը, իրենց ուսերը չափազանց նուրբ են նման պատասխանատվության համար, եւ իրենց քիմքն էլ նուրբ է վառոդի հոտի համար, եւ իրենց մատներն էլ չափազանց նուրբ են ձգանի թողած ցավոտ հետքերի համար:
Իրենց հոգիներն են նուրբ, ինչպես փետուրները, որոնցով էլ իրենք հրովարտակներ են արձակում եւ սիրում պատմական Ուտիքը, որը չեն տեսել երբեք, իսկ ահա ներկան՝ ներկայիս Լեռնային Ղարաբաղը որպես երկիր, որպես ապագա անկախ պետություն՝ իրենց սազական չէ, իրենց լայնարձակ հոգիների համար չափազանց նեղ է, այնքան նեղ, որ իրենց հոգիները հա՛ դուրս են սպրդում դրա սահմաններից ու ընդարձակվել են ցանկանում, առաջ ու առաջ գնալ, բայց ոչ թե իրենք գնան, այլ ուրիշները, որովհետեւ իրենց ոտքերն էլ չափազանց նուրբ են զինվորական սապոգների ու դրա հետեւանքով առաջացած կոշտուկների համար:
Եւ ուրեմն, ոչ միայն հայրենիքի ընդհանրապես, այլեւ՝ Լեռնային Ղարաբաղի պատմականն է լավ մասնավորապես, որովհետեւ այդ Լեռնային Ղարաբաղը պատմական Ուտիք է, որտեղ մարդ ու հատկապես քաղաքացի չի ապրում, որի ներկայի ու ապագայի մասին պետք է մտածել: Իսկ պատմական Ուտիքը հող է, որ ապագայում նույն հողն էլ կլինի, ինչ անցյալում, եւ ջհանդամ, թե հետո ինչ կլինի: Կարեւորն այսօրն է, եւ որ այսօր իրենք հայրենասեր են, պատմական հայրենասերներ, որոնց համար կարեւորը՝ շատ լինի, քիչ չլինի, ու ոչինչ, եթե շատն օդում է, անիրական ու պատմական, իսկ մի քիչ պակասը՝ այսօր ու իրական:
Եւ ընդհանրապես, պատմական Ուտիքում մարդիկ ու նրանց ճակատագրերը չեն տեղավորվում, որովհետեւ պատմական Ուտիքը թանգարանային նմուշ է, որքան որ Ուտիքն այդ ամբողջությամբ ազատագրելու կոչ անողները հենց իրենք չեն ազատագրողները:
Ու ընդհանրապես, ի՞նչ գործ ունի մարդն ու առավելեւս՝ քաղաքացին պատմական հողում: Չէ՞ որ պատմական հողն ապրելու եւ շենացնելու համար չէ, պատմական հողը հեռվից սիրելու ու հեռվից ազատագրելու համար է:
Պատմական հողը իրական մարդկանց համար չէ: Պատմական հողը անիրական հայրենասերների համար է: Որովհետեւ իրական մարդիկ ոչ միայն մահ (որքան էլ որ դա անհամատեղելի լինի ոչմիթիզականների մտքերին), այլեւ կյանք են պահանջում:
Իսկ կյանք կարող է լինել միայն իրական հայրենիքում:
Իսկ իրական հայրենիքը ոչ միայն սեր է պահանջում եւ բարձրագոչ ճառեր, այլեւ ամենօրյա աշխատանք ու պատասխանատվություն, ոչ միայն արարքների, այլեւ անգամ խոսքերի համար:
Իսկ պատմական հայրենիքում զոհվածների կյանքը գին չունի, որովհետեւ զինվորը մարդ ու քաղաքացի է միայն իրական հայրենիքում, պատմական հայրենիքում նա մսացու է, շախմատի զինվորիկ, որին կարելի է ցանկացած պահի զոհել:
Բայց զոհ տալ ցանկացողներն էլ իրենք շախմատի այդ քարերից չեն, նրանք շախմատ խաղացողներ են միայն, զի եթե իրական հայրենիքը սիրեին՝ առաջին զոհված զինվորն իրենք կլինեին: Եւ չասեք, թե մտավորականը, գիտնականը, այսը, այնը չպետք է գնա կռվի հանուն իր գաղափարի ու զոհվի, պիտի զինվորը զոհվի: Եթե ասեք, ապա ստիպված պիտի հարցնեմ՝ ինչի՞, դուք Մոնթե Մելքոնյանից ավելի լա՞վն եք, եթե նա իր գիտությունը թողեց ու հանուն իր գաղափարի մեկնեց ճակատ, որովհետեւ իրական հայրենիքն էր սիրում:
‘