‘Քրիստինե Խանումյան. Սե՛րժ, «այդ ո՞ւր՝ առանց Ղարաբաղ» ‘

1975

Շնորհիվ իշխանական քարոզչամեքենայի ջանքերի՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պարագայում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկումներն ամբողջությամբ դուրս են եկել իրավական, քաղաքական ու տնտեսական (երբեմն` անգամ տրամաբանական) դաշտերից և ամբողջությամբ տեղափոխվել են զգայական դաշտ, և քննարկվում են դրույթներ, որոնք խնդրի բուն էության հետ որևէ աղերս չունեն: Ենթադրելի է, որ իշխանական քարոզչամեքենան միտումնավոր է սլաքներն ուղղում այլ ուղղությամբ:

Ընդ որում՝ խոսքն այն մասին չէ, թե արդյոք Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն ինքնին լա՞վ է, թե՞ վատ, արդյո՞ք այն տնտեսապես շահավետ է մեզ համար, թե՞ ոչ. խոսքը խնդրի էությունը չխեղաթյուրված ներկայացնելու, այն սխալ դիտանկյունից չնայելու և հետևաբար՝ նաև խնդրի հետ կապ չունեցող պահանջներ չներկայացնելու մասին է:

Եւ ուրեմն, որո՞նք են իշխանության կողմից դաշտ նետված երկու` ծայրահեղ, հակասական ու սխալ շեշտադրումները.

ա. Ղարաբաղը պետք է Հայաստանի հետ մեկտեղ (որպես Հայաստանի մաս) անդամակցի Մաքսայինին,

բ. Ղարաբաղն անկախ պետություն է, հետևաբար՝ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացները չեն կարող առնչվել Ղարաբաղին:

 

***  

1989 թվականի դեկտեմբերին ընդունվեց Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը` Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:

Սակայն դրանից ուղիղ երկու տարի անց՝ 1991-ին, նախ՝ Ղարաբաղը, ապա` Հայաստանը, իրենց հռչակեցին անկախ պետություններ: Հնարավոր է՝  որոշակի քաղաքական անհրաժեշտության ու պատեհության դեպքում   իշխանությունները կարող են դարակից հանել այս փաստաթուղթը և փորձել այն ինչ-ինչ նպատակներով օգտագործել ԼՂ հիմնախնդրի կարգավորման որևէ փուլում (եթե համարվի, որ, ասենք, այդ փաստաթուղթը կարող է որոշակի ազդեցություն գործել բանակցային ներկա փուլի վրա՝ մասնավորապես, կամ կարող է ինչ-որ բան փոխել՝ ընդհանրապես), բայց այդ փաստաթուղթն, ըստ էության, չի գործում` իր տեղը զիջելով Ղարաբաղն անկախ պետություն հռչակելու գաղափարին ու ջանքերին:

ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Ղարաբաղը ժամանակին հանդես էր գալիս որպես առանձին կողմ, ինչը, սակայն, Հայաստանում 98-ի իշխանափոխությունից հետո, այլևս գոյություն չունի՝ չնայած իշխանությունների հայտարարություններին, թե Ղարաբաղը նորից պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

Թեև Ղարաբաղը դե-յուրե իրեն հռչակել է անկախ պետություն, սակայն այն` թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ անգամ մարդկային ռեսուրսի տարրական տեղաշարժի առումով ամբողջությամբ կախված է Հայաստանից: Ղարաբաղի անկախությունը ոչ մի երկիր չի ճանաչել, այդ թվում` Հայաստանը: Սակայն Հայաստանն իր ֆինանսական, քաղաքական, տարածքային ռեսուրսների շնորհիվ կարողանում է ապահովել Ղարաբաղի կենսագործունեությունը:  Այսինքն՝ քանի դեռ Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ, առանց Հայաստանի (որի հետ Ղարաբաղն ունի ընդհանուր սահմաններ, և հենց նաև այդ հանգամանքը դրական ազդեցություն ունի)՝ Ղարաբաղի կենսագործունեությունը կխախտվի, և այն կդառնա աշխարհից կտրված և առանց զարգացման որևէ հեռանկարի մի տարածք:

Այժմ դառնանք ներկայիս քննարկումներին:

Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներից նրանք, ովքեր ասում են, թե Ղարաբաղն ի՞նչ կապ ունի Մաքսային միության հետ, Ղարաբաղն անկախ պետություն է, և հետևաբար՝ ինտեգրացիոն այս գործընթացի հետ այն որևէ առնչություն չունի, ըստ էության՝ կեղծում են:
Կեղծում են նաև նրանք, ովքեր ասում են, թե Ղարաբաղը, որպես Հայաստանի մաս՝ պետք է ավտոմատ անդամակցի Մաքսայինին:

Կեղծում են, որովհետև երկու դեպքում էլ խնդիրը շեղված է բուն էությունից:

Մաքսային միությունը, ինչպես գիտենք` գոնե դե-յուրե ոչ թե քաղաքական, այլ առևտրատնտեսական ինտեգրացիոն մի միավորում է: Այդ միության մեջ միավորվող երկրները որդեգրում են առևտրատնտեսական ընդհանուր խաղի կանոններ: Եւ եթե Հայաստանն ինտեգրվում է Մաքսային միությանը, ապա, բնականաբար, ներկայում այստեղ գործող տնտեսական կանոնները փոխարինվում են այն կանոններով, որոնք պետք է ընդունվեն բոլորի կողմից և գործեն ՄՄ ընդհանուր տարածքում: Տնտեսական այն կանոնները, որոնք գործում են Հայաստանում, մինչ այժմ լռելյայն գործել են նաև Ղարաբաղում: Սակայն եթե Հայաստանում փոխվում են խաղի կանոնները, իսկ Ղարաբաղում` ոչ (ընդ որում՝ անկախ Ղարաբաղի իրավական կարգավիճակից), ապա Ղարաբաղը տնտեսական լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել: Ինչպես գիտենք` քննարկման ներկայիս հարցը Հայաստանի և Ղարաբաղի միջև սահմանային մաքսակետի հարցն է:

Եթե հայաստանա-ղարաբաղյան սահմանին ներկրվող և արտահանվող ապրանքները սկսվեն մաքսազերծվել (մոտավորպես նույն բանն է, եթե Երևանից Վանաձոր ճանապարհին մաքսակետ տեղադրվի, և ապրանքը  մաքսազերծվի), ապա ոչ միայն Հայաստանում արտադրված ապրանքներն են այլ գներով վաճառվելու ԼՂՀ-ում, այլև այլ երկրներից Հայաստան ներկված ապրանքները: Հիմա պատկերացրեք, թե ինչ կարող է լինել Ղարաբաղի հետ, եթե Հայաստանն անդամակցի Մաքսայինին, և սահմանին իսկապես մաքսակետ «հայտնվի»: Ղարաբաղը հնարավորություն չի ունենա տեղական արտադրության ապրանքները վաճառել անգամ Երևանում, կամ եթե նման հնարավորություն ունենա էլ` Հայաստան ներմուծելու դեպքում անհրաժեշտ մաքսազերծման արդյունքում վաճառքի գները զգալիորեն կբարձրանան: Բացի այդ՝ Հայաստանից Ղարաբաղ արտահանվող ապրանքները ևս մաքսազերծվելու են, ինչը նույնպես իր ազդեցությունը կունենա դրանց մանրածախ վաճառքի գների վրա: Առավելևս, չմոռանանք, որ ղարաբաղյան շուկայում վաճառվող ապրանքների 90 տոկոսից ավելին հենց Հայաստանից է ներմուծվում այնտեղ, և Ղարաբաղի տնտեսությունն ամենևին էլ ինքնաբավ չէ: Ընդ որում՝ պակաս ինքնաբավ է, քան նույնիսկ Հայաստանը:

Դե հիմա պատկերացրեք, թե ինչ է լինում դրանից հետո Ղարաբաղում: Ղարաբաղն ու Հայաստանը, թվում է, թե նախկինի պես մեկ տարածք կլինեն, սակայն այդ «մի» տարածքում ապրանքների գների նկատելի տարբերություն կլինի: Խնդիրներ կառաջանան ներկրվող ու արտահանվող ապրանքների հետ, առանց այդ էլ վճարողունակությամբ չփայլող ԼՂՀ քաղաքացիները ֆինանսատնտեական ճգնաժամից չեն կարողանա խուսափել:

Այսինքն՝ ամբողջությամբ Հայաստանից կախված Ղարաբաղի տնտեսությունը կարող է կանգնել քայքայման վտանգի առաջ:

Մարտահրավերը, ըստ այդմ, տնտեսական կոլապսն է, որը կարող է սպառնալ Ղարաբաղի՝ առանց այդ էլ փխրուն տնտեսությանը: Սա իրական մարտահրավերն է, սակայն այն, մեր համեստ կարծիքով, չի կարող լուծվել իշխանությունների կողմից քննարկումների դաշտ նետված մեխանիզմներից և ոչ մեկով, քանի որ դրանք ի սկզբանե սխալ կոդեր են պարունակում` վերը նշված պատճառներով:

Հայաստանը, ըստ այդմ, չպետք է անդամակցի Մաքսայինին (Մաքսայինն, ի դեպ, կարող ենք համարել պայմանական անուն, և այն հանգիստ կարող է փոխարինվել, ասենք` «Արևելյան գործընկերություն» բառակապակցությամբ)` հայտարարելով, թե Ղարաբաղը ևս պետք է անդամակցի այդ միությանը՝ որպես Հայաստանի մաս: Նման մի հայտարարությունն անգամ տեղում կխեղաթյուրի ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի ողջ էությունը, ու ագրեսորի պիտակով մի յուղոտ պատառ սկուտեղի վրա կմատուցվի Ադրբեջանին` իր բոլոր վտանգավոր հետևանքներով: Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն հայտարարելու, թե քանի որ Ղարաբաղն անկախ պետություն է (որի անկախությունը, սակայն, Հայաստանը չի ճանաչել), այն չի կարող պարտադիր տեղավորվել Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներում, և Հայաստանը կարող է, առանց Ղարաբաղի շահերը հաշվի առնելու, ինքն իրենով մտնել Մաքսային միության տարածք: Քանի որ սա էլ, ինչպես նշեցինք, ուղղակի տնտեսական երկրաշարժ կառաջացնի Ղարաբաղում:

Ավելին, Հայաստանի իշխանություններն ընդհանրապես չպետք է շահարկեն տնտեսական մարտահրավերներ պարունակող այս հարցը ՝ այն պատելով քաղաքական սոուսներով և, առավելևս` հայերիս հայրենասիրական զգացմունքների վրա խաղալով:

Ինչպե՞ս անել  

Քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը չի կարգավորվել, Հայաստանը, որպես արցախյան պատերազմում ներքաշված կողմ, հանդիսանում է պատերազմի կողմերից մեկի` ԼՂ-ի անվտանգության, քաղաքական, տնտեսական երաշխավորը, և որպես երաշխավոր՝ ունի որոշակի պարտավորություններ, որոնք էլ պետք է ի կատար ածի: Որևէ ինտեգրացիոն գործընթացի մասնակցելիս Հայաստանը, որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր` բանակցությունների հետագա ընթացքի ու դրանց արդյունքների վրա ազդեցության փորձ չկատարելով հանդերձ՝ պետք է այդ գործընթացներում անպայման բարձրացնի Ղարաբաղի մասնակցության կամ նրա առնչության հարցը (անկախ ԼՂ իրավական կարգավիճակից):

Այո, Ղարաբաղի հարցը պետք է քննարկվի առանձին, Հայաստանը, որպես երաշխավոր, պետք է այդ հարցը բարձրացնի` պայմանով, որ երկու տարածքները պետք է գոնե ներքին պայմանավորվածությամբ միասնական տնտեսական գոտում լինեն, որ դա, մի կողմից, չի կարող ազդել բանակցային գործընթացի հնարավոր ելքերի վրա, բայց մյուս կողմից էլ` եթե դա տեղի չունենա, վտանգվում է նաև Հայաստանի ինտեգրացիան:

Հասկանալի պատճառներով՝ ներկայիս իշխանությունները նման պայմաններ թելադրել չեն կարող: Նրանք ընդհանրապես որևէ պայման թելադրելու ունակ չեն` ոչ միայն Մաքսային միության տիրույթում, այլև` որևէ տիրույթում ընդհանրապես: Բայց չնայած այդ հանգամանքին անգամ՝ այնպես չէ, թե Հայաստանը ոչինչ չի կարող, և նրա կամքից իսկ անկախ՝ Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին կարող է մաքսակետ հայտնվել: Մաքսակետ կարող է և չհայտնվել, բայց դրա համար կա՛մ Հայաստանի իշխանությունները պետք է համապատասխան քաղաքական կամք ունենան, կա՛մ էլ այդ բանակցություններում (եթե այդ միությանն անդամակցումը Հայաստանի և ԼՂՀ քաղաքացիների համար ընդունելի հեռանկար է) պետք է ներգրավված լինեն բացառապես օրինակարգ իշխանություններ, որոնք ունակ կլինեն պայմաններ թելադրել: Կոպիտ ասած՝ սպառնալիք կա: Բայց այդ սպառնալիքը ոչ թե կամ ոչ այնքան այս կամ այն ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունն է, այլ այն իշխանությունները, որոնք համապատասխան բանակցություններ են վարում, և որոնք ունակ չեն հետապնդել ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ, առավելևս՝ Ղարաբաղի շահերը:

Եւ այն, ինչ օրեր առաջ տեղի ունեցավ Աստանայում, հենց ասվածի վառ ապացույցն է: Իշխանություններն` ի դեմս Սերժ Սարգսյանի, ունակ չեղան նույնիսկ մի անշառ փորձ կատարել ուղիղ եթերում սեփական երկրի շահը պաշտպանելու: Եւ խնդիրը, թերևս, հենց սա է: Քանի որ իշխանությունները ունակ չեն կատարել այն քայլերը, որոնք պարտավոր են կատարել, հարցի քննարկումը միտումնավոր տեղափոխում են սխալ կոդերի դաշտ, որտեղ քննարկվող բոլոր տարբերակներն էլ ի սկզբանե սխալ են, և քննարկումները միայն ավելի են բարդացնում առանց այդ էլ խճճված իրավիճակը: Իսկ այդ ընթացքում իշխանություններն իրենց վրայից պետք է գցեն պատասխանատվության ողջ բեռն ու շարունակեն ստորադասել Հայաստանի և Ղարաբաղի շահերը:

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի դրույթներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘Երիտասարդը ցած է նետվել «Նաիրի» բժշկական կենտրոնի 3-րդ հարկից’