‘Օբամայի ավտոշարասյունը կարմիր լույսի տակ կանգ է առել ‘

1256

Վաշինգտոնի կենտրոնում՝ Փենսիլվանյա-ավենյուում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյունը կանգ է առել, երբ լուսակրի վրա վառվել է կարմիր լույսը: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով նախագահական շքախմբի լրագրողներին, որոնք Սպիտակ տան ղեկավարին ուղեկցում են մայրաքաղաքում կարճատև այցի ընթացքում:

Լրագրողները նկատել են, որ ամերիկյան նախագահի վարորդն իր բարձրաստիճան ուղևորին լանչի տանելու ու վերադարձի ճանապարհին ամեն անգամ կանգ է առնում և սպասում, մինչև լուսակիրը կանաչ ազդանշան տա: Սովորաբար՝ նախագահի ավտոշարասյան համար երթևեկությունը դադարեցվում է: Իսկ այս անգամ լրագրողներն այնքան են զարմացել, որ նույնիսկ սկսել են ենթադրություններ անել, թե գուցե ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել երկրի առաջին դեմքի անվտանգության կանոններում: Սակայն նրանք դրա պաշտոնական հաստատումը չեն ստացել:

Ամերիկյան նախագահը տեղաշարժվում է հատուկ ավտոմեքենայով, որը նաև սեփական անունն ունի՝ «Գազան»: Զրահապատ լիմուզինը աշխարհում ամենապաշտպանված մեքենան է: Նրա դռների զրահը (20 սմ) և լուսամուտներինը (12 սմ) դիմանում են մեծ տրամաչափի զենքից արձակված գնդակներին: «Գազանը» կշռում է ավելի քան ութ տոննա, նրա երկարությունը 5,5 մետր է: Ավտոմեքենան աշխարհում շրջում է իր տիրոջ հետ միասին: Այն տեղափոխելու համար օգտագործվում է հատուկ կահավորված տրանսպորտային ինքնաթիռ: Բացի այդ՝ Օբամայի  ավտոպարկում կա «Գազանի» մի քանի կրկնօրինակ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բաքուն վրդովվել է ֆրանսիական քաղաքի և Ղարաբաղի մայրաքաղաքի բարեկամանալու փաստից’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը կարատեի հերթական դանն է ստացել’