‘Օբամայի եղբայրը ընտրություններում 1 է «խփել»’

817

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ եղբայրը (խորթ)՝ 54-ամյա Մալիկ Օբաման, ջախջախիչ պարտություն է կրել Քենիայի արևմտյան Սիայա նահանգի ղեկավարի ընտրություններում, հաղորդում է Росбалт-ը: Երկուշաբթի Քենիայում, 2010 թ. նոր սահամանադրության ընդունումից հետո՝ առաջին անգամ, անցկացվել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցել են ձայնի իրավունք ունեցող ավելի քան 14 միլիոն քենիացիներ: Ինչպես հաղորդում է Daily News թերթը, Սիայայի նահանգապետի պաշտոնում առաջադրված Մալիկ Օբաման հանդես էր գալիս որպես անկախ թեկնածու: Քաղաքական գործչի խոսքերով՝ իր գործունեության հիմնական խթանը կրտսեր եղբոր՝ Բարաքի քաղաքական հաջողություններն են:

Ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ Աբոնգո Մալիկ Օբամայի օգտին քվեարկել է ընտրողների ընդամենը 1 %-ը՝ չափազանց մեծ տարբերությամբ ետ թողնելով նրան առաջատար երկու թեկնածուներից: Թեպետ նախնական արդյունքներով Սիայայում հաղթել էր «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչ Ուիլյամ Օդյամբո Օդուլը, սակայն ավելի ուշ քենիական մամուլը հաղորդեց, որ նա զիջել է դիրքերը իր հիմնական մրցակցին՝ «Նարնջագույն ժողովրդավարական շարժման» ներկայացուցիչ Կոռնել Ռասանգա Ամոտին:

Բարաք և Մալիկ Օբամաների հայրը քենիացի Բարաք Օբամա ավագն է, իսկ մայրերը տարբեր են: Մալիկ Օբաման ծնվել է 1958 թ., այսինքն Բարաքից երեք տարի շուտ: Եղբայրները ծանոթացել են միայն 1985 թ., բայց այժմ Մալիկը տարին մի քանի ամիս անց է կացնում ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ Քենիայում համապետական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 4-ին: Երկրի նախագահի պաշտոնում ընտրվել է «Ազգային դաշինք» կուսակցության թեկնածուն՝ երկրի փոխվարչապետ Ուհուրու Քենիյաթան, որին Հաագայի Միջազգային քրեական դատարանը մեղադրում է մարդկության դեմ գործած հանցագործությունների համար: Քենիյաթան հաղթել է իր հիմնական մրցակցին՝ «Նարնջագույն ժողովրդավարական շարժման» թեկնածու, վարչապետ Ռայլ Օդինգային: Օդինգան, ինչպես և Օբաման, լուո ցեղի ներկայացուցիչներ են, իսկ Քենիյաթան պատկանում է կիկույա ցեղին, հաղորդում է lenta.ru-ն: 

Նշենք նաև, որ «խփել» արտահայտությունը ընտրությունների արդյունքների վերաբերյալ առաջին անգամ գործածել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, երբ լրագրողի հարցին պատասխանել է. «Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա։ Ինչքան ուզես՝ էնքան խփենք»։

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Խաղից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները ներողություն խնդրեցին’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը. Ֆիլմ Հ. Հակոբյանի մասին’