‘Օբաման արձագանքել է ԱՄՆ-ից անլեգալների երեխաներին արտաքսելու որոշմանը’

2334

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Facebook-ի իր էջում դաժան և սխալ է անվանել Սպիտակ տան ներկայիս տիրոջ՝ Դոնալդ Թրամփի կարգադրությունը՝ փոխելու այն կարգը, որով մանուկ հասակում ԱՄՆ ժամանած անօրինական ներգաղթյալներին քաղաքացիություն է տրվում:

«Այդ երիտասարդներն իսկական ամերիկացիներ են, միայն թե՝ ո՛չ թղթի վրա: Ծնողները նրանց բերել են մեր երկիր դեռ մանուկ հասակում: Հնարավոր է՝ նրանք այլ պետություն պարզապես չգիտեն, անգլերենից բացի այլ լեզվի չեն տիրապետում… Չի կարելի նրանց հարձակման թիրախ դարձնել, նրանք ոչ մի վատ բան չեն արել»,- գրել է ԱՄՆ 44-րդ նախագահը:

Սեպտեմբերի 5-ին Թրանփը չեղարկել է Օբամայի հրամանագիրը՝ հայտարարելով, որ իր նախորդը շրջանցել է Կոնգրեսը և սահմանել անօրինական ներգաղթյալների երեխաներին քաղաքացիություն տրամադրելու կարգը, այսպես կոչված՝ «Ներգաղթյալների երեխաների նկատմամբ հետաձգված միջոցառումներ» (DACA) ծրագրով: Այս ծրագիրը հնարավորություն է տվել հետաձգել հիմնականում լատինաամերիկյան երկրներից անօրինական ներգաղթյալների երեխաների արտաքսումը, որոնք ԱՄՆ են ժամանել մինչև իրենց 16 տարին լրանալը: 2016 թ. տվյալներով՝ այդ ծրագրից օգտվել է առնվազն 750 հազար մարդ, որոնց կեսը բնակվել է Կալիֆոռնիայում և Թեքսասում, հաղորդել է BBC News-ը: ԱՄՆ-ում այդ մարդկանց անվանում են նաև «երազողներ»:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մորգուլով. Ռուսաստանը չի մասնակցի ԿԺԴՀ-ի խեղդամահությանը’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում’