‘Օբաման հաղթանակ է տանում բանավեճի վերջին փուլում (տեսանյութ)’

625

ԱՄՆ նախագահի թեկնածուներ՝ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, գործող նախագահ Բարաք Օբամայի և հանրապետական Միթ Ռոմնիի բանավեճի վերջին փուլին հեռուստացույցով հետևող քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ «բանավոր մենամարտում» հաղթանակ է տարել գործող նախագահը: Այս մասին վկայում են հասարակական կարծիքի երկու առանձին բլից-հարցումները, որոնք անցկացվել են CNN և CBS հեռուստաընկերությունների կողմից:

Համաձայն  CNN-ի տվյալների՝ արտաքին քաղաքականությանը նվիրված բանավեճում Օբամային հաղթող է համարել հարցվածների 48 տոկոսը, իսկ Ռոմնիին՝ 44-ը: Ընդ որում՝ նախապատվությունը Օբամային տվածների 59 տոկոսը կարծում է, որ նա իրեն դրսևորել է սպասվածից լավ, իսկ Ռոմնիի ելույթի վերաբերյալ նույն դիրքորոշումն արտահայտել է նրան հաղթող համարողների 44 տոկոսը:

Ինչ վերաբերում է CBS-ի արդյունքներին, ապա այս ալիքի հեռուստադիտողների 53 տոկոսը նախապատվությունը տվել է Օբամայի ելույթին, և ընդամենը 23-ը՝ Ռոմնիի: CBS-ի կողմից հարցվածների 24 տոկոսը միտք է հայտնել, որ բանավեճն ավարտվել է «ոչ-ոքի»: Հատկանշական է, որ այս ալիքի  հետազոտությանը մասնակցել են  ընտրելու իրավունք ունեցող ԱՄՆ 521քաղաքացիներ, որոնք դեռևս չեն կողմնորոշվել, թե ում օգտին են քվեարկելու նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում:

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային Օսիայում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ոստիկանական հենակետը ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանում տեղի կունենա Եվրասիական միության հարցերին նվիրված միջկուսակցական ֆորում ‘