‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ մտադիր է մասնակցել Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովին, հաղորդել է Reuters գործակալությունը: Նա, սակայն, չի մանրամասնել՝ արդյո՞ք երկկողմանի հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ելույթ ունենալով NBC հեռուստակայանով՝ Օբաման հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանի որոշման կապակցությամբ՝ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքի վերաբերյալ տեղեկությունների արտահոսքի հեղինակ Էդուարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու վերաբերյալ, սակայն դա չի ազդի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցելու իր որոշման վրա: Օբաման նաև հայտարարել է, թե չի տեսնում այնպիսի պատճառներ, որոնք կխանգարեին իր երկրին ավելի սերտ համագործակցել Ռուսաստանի հետ: «Լինում են պահեր, երբ նրանք գլորվում են «սառը պատերազմի» մտածողության գիրկը: Բայց ես ասում եմ նախագահ Պուտինին, որ այդ ամենն անցյալում է, և մենք պետք է մտածենք ապագայի մասին»,- ria.ru-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահը:
‘