‘Օբաման, Մերկելը եւ Պուտինը՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ. Forbes ‘

724

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշային ցուցակը, որտեղ ընդգրկված են պետությունների ղեկավարներ ու ֆինանսիստներ, մարդասերներ և գործարարներ, ովքեր իրական ազդեցություն ունեն համաշխարհային իրադարձությունների վրա: «Աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ-2012» ցուցակում ընդամենը 71 հոգի է ընդգրկված:

Առաջին տեղում, արդեն երկրորդ տարին անընդմեջ, զբաղեցնում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը վերընտրվելուց հետո ևս չորս տարի պետք է լուծի աշխարհի ամենահզոր տնտեսական և ռազմական պետության առջև ծառացած խնդիրները:  Երկրորդ հորիզոնականում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, որն անցյալ տարվա համեմատ՝ երկու կետով վեր է բարձրացել՝ այն բանի շնորհիվ, որ նրա ղեկավարած Գերմանիան Եվրամիության անկյունաքարային պետությունն է, և հենց Մերկելն է իր ուսերի վրա կրում եվրոյի և եվրագոտու երկրների պարտքերի ճակատագրի ողջ ծանրությունը: Ռուսաստանի 60-ամյա նախագահ Վլադիմիր Պուտինը Forbes-ի վարկանիշային ցուցակում երրորդ տեղում է (անցյալ տարի նա դեռևս Ռուսաստանի վարչապետն էր և զբաղեցնում էր երկրորդ տեղը): Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց առաջին հնգյակում են հայտնվել նաև Բիլ Գեյթսը և Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը: Ռուսաստանի նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 61-րդ տեղում է (մեկ տարի առաջ նա 59-րդում էր)՝ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդայից անմիջապես հետո և Չինաստանի առաջնորդ Ցզյան Ցզեմինից առաջ:

Վարկանիշային ցուցակը կազմելիս ուսումնասիրվել են հարյուրավոր թեկնածուներ տարբեր երկրներից և կյանքի ամենատարբեր ոլորտներից: Համաշխարհային իրադարձությունների վրա նրանց ազդեցությունը գնահատվել է 4 կատեգորիաներով: Նախ՝ ցուցակը կազմողները գնահատել են, թե թեկնածուն ինչ ազդեցություն ունի մարդկանց կյանքի վրա: Նաև հաշվի են առնվել թեկնածուների կողմից վերահսկվող ֆինանսական միջոցները, դրանց ազդեցությունը կյանքի զանազան բնագավառների վրա: Եվ վերջապես, գնահատվել է, թե որքան ակտիվորեն են թեկնածուներն օգտագործում իրենց իշխանությունն ու հնարավորությունները: Այդ իմաստով՝ Վլադիմիր Պուտինի հայտնվելը երրորդ հորիզոնականում, գրում է Forbes-ը, բացատրելի է. նա շատ հաճախ է ցուցադրում իր իշխանությունը, այդ թվում՝ նաև այն դեպքերում, երբ դրանից հետո բողոքի ցույցերի դուրս եկած մարդիկ հայտնվում են վանդակաճաղերի ետևում:

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնին պատրաստ է նորից առաջադրվել վարչապետի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Կստեղծվի հայագիտական ուսումնասիրություններ ֆինանսավորող համահայկական հիմնադրամ’