‘Օբաման Ս.Սարգսյանին. ԼՂ խաղաղ գործընթացը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում’

1157

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, որտեղ, ինչպես եւ ակնկալվում էր, հստակ ուղերձ կա ԼՂ հիմնախնդրի կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

Օբաման իր շնորհավորական ուղերձում գրել է. «Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: (Ի դեպ, 2008-ի նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ն այդպես էլ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին,- խմբ.): Ակնկալում եմ, որ մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը, քանի որ մենք երկուսս էլ սկսում ենք մեր պաշտոնավարման երկրորդ շրջանը:

Շարժվելով առաջ` կցանկանայի հիմնվել մեր երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող ամուր կապերի վրա և առավել ընդլայնել մեր գործընկերությունը: Մենք մեծապես հանձնառու ենք նպաստելու Հայաստանի զարգացմանը և ակնկալում ենք, որ Դուք Ձեր առաջնորդությամբ առաջ կտանեք ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարեփոխումների շարունակական գործընթացը, ինչը հնարավորություններ կընձեռի թե՛ Հայաստանի ժողովուրդի և թե՛ամերիկացիների համար, որոնք ակնկալում են ներդրում ունենալ նշանակալի ներուժ ունեցող արժեքավոր գործընկերոջ երկրում: Մենք կշարունակենք մեծապես աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առաջընթացին, որը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում, ինչը կապահովի հարատև խաղաղություն և անվտանգություն: Ցանկանում ենք նաև շարունակել մեր աշխատանքը առաջ մղելու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը:

Ձեր վերընտրվելը հնարավորություններ է ընձեռում մեր երկու երկրների հարաբերություններն առաջ մղելու համար և Ձեր ժառանգության ստեղծմանը` որպես առաջնորդի, որը խորացնում է Հայաստանում բարեփոխումները և առաջ տանում խաղաղության գործը ձեր ազգի և ձեր տարածաշրջանի ժողովուրդների համար:

Վստահ եղեք, որ Միացյալ Նահանգները, որպես Հայաստանի մշտական բարեկամ և գործընկեր, ձեր կողքին է այս վեհ նպատակներին հասնելու գործում»:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Ազատության հրապարակում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Րաֆֆի Հովհաննիսյանի տոկոսները նկարել է իշխանությունը»’