‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնն այն մարդն է, ով պետության ղեկավարի դերին շատ ավելի հարմար է, քան պատմության ընթացքում եղել է որևէ մեկը, այդ թվում՝ ինքը նույնպես և նրա ամուսինը՝ Բիլ Քլինթոնը:
Նման հայտարարություն է երկրի ղեկավարն արել Դեմոկրատական կուսակցության համագումարում: Իր այդ դիրքորոշումը Օբաման բացատրել է նրանով, որ Հիլարի Քլինթոնը եղել է պետքարտուղար և արդեն մասնակցել է կարևորագույն որոշումների կայացմանը: Եվ հենց փորձն է, որ Հիլարի Քլինթոնին դարձնում է ԱՄՆ նախագահի լավագույն թեկնածուն պատմության ողջ ընթացքում:
Օբաման հավելել է, որ Քլինթոնը երբեք չի նահանջում և ջանում է յուրաքանչյուր ամերիկացու ավելի շատ հնարավորություններ տալ՝ կյանքում հաջողության հասնելու համար:
Իր ելույթում նախագահ Օբաման մի քանի անգամ անդրադարձել է նաև Քլինթոնի մրցակցին՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին: Նրա կարծիքը ԱՄՆ տնտեսության մասին Օբաման համարում է չափազանց հոռետեսական: «Ամերիկան արդեն իսկ հզոր և ուժեղ երկիր է»,- ասել է նա՝ ակնարկելով Թրամփի նախընտրական կարգախոսը՝ «Վերադարձնենք Ամերիկայի հզորությունը»: Նախագահը նաև հայտարարել է, որ Թրամփը խոշտանգումների և կրոնական անհանդուրժողականության կողմնակից է, նա դավաճանում է ամերիկյան արժեքներին:
Օբաման ընտրողներին կոչ է արել խուճապի չմատնվել և ապագային նայել լավատեսորեն, ինչպես դա անում է Հիլարին: Փոխանցում է BBC-ն:
‘