‘Օբամա. Պուտինը վատ ստրատեգ է, նա վնաս է հասցնում Ռուսաստանին’

865

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացումն «այն վատ որոշումների ապացույցն է, որ պարոն Պուտինը կայացնում է Ռուսաստանի անունից»:

Ամերիկյան նախագահը կրկին ընդգծել է, որ «Ղրիմի անեքսիան Ռուսաստանին ոչ թե շահ կբերի, այլ մեծ կորուստներ»:

Օբամայի կարծիքով՝  վերջին տարում Պուտինը հապճեպ և չմտածված որոշումներ է կայացրել, քանի որ Ուկրաինայի իրադարձություններն անցյալ տարվա ձմռանը նրան անակնկալի են բերել: «Պուտինը Ղրիմի և Ուկրաինայի առիթով որոշումը կայացրել է ոչ թե ինչ-որ մեծ ռազմավարական պլանի համաձայն, այլ որովհետև անակնկալի էր եկել Մայդանի բողոքի ակցիաներից և դրան հաջորդած՝ Յանուկովիչի փախուստից, այն բանից հետո, երբ մեր միջնորդությամբ համաձայնություն էր կնքվել Ուկարինայում անցումային փուլի վերաբերյալ»,- ասել է Օբաման: «Իմպրովիզացիաները, որոնցով այդ պահից ի վեր սկսեց զբաղվել Պուտինը, նրան ավելի ու ավելի խորը ներքաշեցին այն իրադրության մեջ, որը միջազգային իրավունքի խախտում է հանդիսանում, որը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը,: Այդ իրավիճակը դիվանագիտական առումով մեկուսացրել է Ռուսաստանը, ստիպել է Եվրոպային զգուշորեն և դժկամությամբ բիզնես վարել Ռուսաստանի հետ և հանգեցրել է պատժամիջոցների, որոնք վնաս են հասցնում ռուսաստանյան տնտեսությանն այն ժամանակ, երբ նավթային եկամուտները պակասում են»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի իշխանությունները ազատել և արտաքսել են «Ալ-Ջազիրայի» լրագրողին’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի ԱԳ նախարար. Երկրորդ աշխարհամարտի ավարտը չպետք է նշվի Մոկվայում’